Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին, հնարավոր է՝ մեղադրանք առաջադրեն. Ամրամ Մակինյան

Մայիս 17,2020 16:48

«Վրեժ`ժանտախտի ժամանակ»,- սա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանի գնահատականն է այն ամենին, ինչ տեղի է ունենում իր պաշտպանյալի շուրջ: Aravot.am-ի հետ զրույցում, Ամրամ Մակինյանն ասաց, որ նախաքննական մարմինը լծվել է ամեն գնով կյանքի կոչելու Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք առաջադրելու`«վերեւից իջեցված ուղիղ հրահանգը»: Այս անգամ, սակայն, ըստ պաշտպանի, վարույթ իրականացնող մարմինը որոշել է Ռուբեն Հայրապետյանից վրեժ լուծել` նրա ընտանիքի անդամների միջոցով:

Ամրամ Մակինյանի ներկայացմամբ, Ռուբեն Հայրապետյանի որդու`Ռաֆիկ Հայրապետյանի սեփականություն հանդիսացող ընկերություններից մեկ տնօրենը տարիներ առաջ բիզնեսը կառավարելու նպատակով տասնյակ միլիոնավոր դրամների վարկ է վերցրել եւ այն օգտագործել է իր սեփական կարիքների համար: Երբ խարդախությունը բացահայտվել է, այդ մարդն իրացրել է իր սեփականություն հանդիսացող գույքի մի մասը եւ վերադարձրել Հայրապետյաններին պատճառված վնասը: Պարտքի մի մասը, որքան պաշտպանին է հայտնի, դեռ կա: Այս դեպքով կա հարուցված քրեական գործ:

«Բայց տեղեկություններ ունենք, որ վարույթ իրականացնող մարմինը չի բավարարվի այդ դատավարական կարգավիճակով, քանի որ պատվեր կա ուղիղ իջեցված`Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյանների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու: Կա հանձնարարություն, ինչ-որ մի բան Ռուբեն Հայրապետյանի  դեմ ստանալու: ՀՖՖ-ի հետ կապված քրեական գործից հասկացան, որ արդյունք չկա եւ չի լինելու, քանի որ իրականում այդտեղ հանցագործության դեպք չկա: Թե վարույթ իրականացնող մարմնի երեւակայությունն ո՞ւր կգնա, չենք կարող ասել, բայց եթե օբյեկտիվ քննություն իրականացվեր, պետք է քրեական հետապնդում իրականացվեր խարդախության գործով. գործի նյութերից ակնհայտ է, որ Հայրապետարանների նկատմամբ խարդախություն է տեղի ունեցել»,- ասաց Ամրամ Մակինյանը` հավելելով՝  հետագա իրադարձությունները ինչպես կզարգանան, ժամանակը ցույց կտա. «Բայց որ վարույթ իրականացնող մարմինն իմանալով, որ Հայրապետյանը Հայաստանում չէ եւ ծանուցում է ուղարկում մեկ օր հետո  հարցաքննության ներկայանալու, վկայում է այն մասին, որ փորձում են արհեստական ապացույցներ ստեղծել, թե Հայրապետյանը խուսափում է հարցաքննության ներկայանալուց, որպեսզի հետախուզում հայտարարելու առիթ ունենան»:

Հիշեցնենք, Ռուբեն Հայրապետյանը մեկնել էր արտերկիր` բուժման նպատակով: Նա տարիներ շարունակ առողջական խնդիր ունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031