Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է դադարեցնել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը. Արման Թաթոյան

Մայիս 17,2020 15:43

Պետք է դադարեցնել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը: Դա բերում է վտանգավոր հետևանքների, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը, դա ի վերջո սադրում է բռնություն:

Սա հատկապես վերաբերում է հանրային գործունեություն ծավալող ու մանավանդ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր պետք է լինեն զսպված և թույլ չտան վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական հետևանքներ, այդ թվում՝ պատասխանատվություն:

Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը՝ որպես հանրային պաշտոն զբաղեցնող և օրենքով ստեղծված ու կոնկրետ խնդիրներ, իրավական կոնկրետ կարգավիճակ ունեցող մարմնի ղեկավար, ում պաշտոնի հրամայականով թելադրված պարտադիր խնդիրն է հասարակությունում փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը:

Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվում են արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանություններ, որոնք ոչ միայն չեն հեռացվում, այլ նաև ակնհայտ խրախուսվում են:

Ցանկացած տեսակի բանավեճում պետք է քննարկել միայն բովանդակային կամ առարկայական հարցեր՝ առանց ընդդիմախոսին վիրավորանք հասցնելու կամ նրա արժանապատվությունը նսեմացնելու:

Սրանք կանոններ են, որ կնպաստեն հասարակությունում համերաշխության մթնոլորտի և փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Արման ԹԱԹՈՅԱՆ

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=631371057462103&id=100017676420633

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031