Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կառավարությունը վիրուսի դաշնակի՞ցն է

Մայիս 17,2020 13:39

Երկու ամիս է, ինչ Հայաստանում կարանտին է, ու արդեն երեք ամիս է, ինչ Շվեդիան, Ճապոնիան, Բելառուսը, Թուրքմենստանը ու Բրազիլիան առանց որևէ կարանտինի ապացուցում են, որ կարանտինը իզուր է: Աշխարհի իշխանությունների մեծ մասը սրանց չեն լսում ու կարանտին են անցկացնում՝ կեղծելով (գիտակցված կամ անգիտակից) վարակվածների ու վիրուսից մեռածների թիվը: Աշխարհի խոշոր համաճարակաբանները անընդհատ ասում են, որ կարանտինի արդյունքը միայն վիրուսի երկրորդ ալիքը կլինի, այնինչ եթե ուշադրությունը կենտրոնացվի միայն ռիսկային խմբերի վրա, վիրուսը արագ կանցնի, ոնց որ սովորական գրիպը: Էս համաճարակաբանները պնդում են, որ կարանտին անցկացնող իշխանությունները ուղղակի վիրուսի դաշնակիցներն են: Էս իշխանություններից մանավանդ փոքր երկրների իշխանությունները օգտվեցին առիթից ու, արտակարգ դրություն հայտարարելով, մի քանի հակասահմանադրական օրենք անցկացրին:

Էս նոր օրենքները ոչ միայն վնասակար են, այլև հակասական, ուրեմն անօգուտ: ՀՀ իշխանությունը, օրինակ, քաղաքացիների հեռախոսները գաղտնի լսելու օրենք ընդունեց, ինչը պիտի իբր օգներ, որ պայքարեն վիրուսի տարածվելու դեմ, բայց այս օրենքի տված օգուտը էս պայքարին բացարձակ զրո է, իսկ օրենքը երևի երբեք էլ չվերացնեն: Մայիսի 18-ից հասարակական տրանսպորտը պիտի աշխատի, բայց եկեք մտածենք, թե օրինակ «մարշրուտկան» քանի՞ ուղևոր կտանի, չէ՞ որ ըստ նոր օրենքի՝ սոցիալական հեռավորությունը պիտի լինի 1,5 մ-ից ոչ պակաս: Ուրեմն, վարորդին էլ հաշված, «մարշրուտկան» պիտի վերցնի 2 ուղևոր: Նույն ձևով, միջին չափերի ավտոբուսը՝ 6 ուղևոր, մետրոյի գնացքի վագոնը՝ մոտ 20 ուղևոր, գնացքը՝ 60 ուղևոր (նորմալ 1000-ի կարգի թվի փոխարեն):

Ուրեմն պարզ է, որ էս օրենքը անպայման է խախտվելու: Բայց ի՞նչ արժի էն օրենքը, ինչը անպայման խախտվելու է ու չի գործելու: Պարզ չի՞, որ դա արդեն օրենք չի, դա արդեն ծաղրուծանակ է: Արդեն նույնիսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հասկացել, որ բժշկական դիմակներն ու ձեռնոցները ոչ մի էական օգուտ չեն տալիս վիրուսի դեմ պայքարին, ու էս ԱՀԿ-ն հանձնարարում է, որ դիմակ ու ձեռնոց կրեն միայն հաստատված վիրուսակիրներն ու բժիշկները: Այնինչ, ՀՀ պարետը նոր կանոններ է մտցրել, իհարկե, անտեսելով սահմանադրությունն ու մարդու իրավունքները, որ նույնիսկ բացօթյա վայրերում մարդիկ պիտի պարտադիր դիմակ ու ձեռնոց կրեն: Չկրողին տուգանում են 100000 դրամով, այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը 68 հազար է, իսկ բնակչության 30%-ը աղքատ է (պաշտոնական տվյալներով, իսկ իրականն ավելի շատ է, 68000 ցածր եկամտով գոյությունը քարշ տվողներն էլ քիչ չեն): Սա անմարդկային օրենք է, ու ապացուցում է, որ էս օրենքի հեղինակները ոչ խիղճ ունեն, ո´չ տրամաբանություն, ոչ է´լ իրավաչափության մասին որևէ գաղափար:

Հետաքրքիր է, որ տրանսպորտի աշխատանքը թույլատրելի է մայիսի 18-ից, իսկ ձեռնոց-դիմակի պարտադրությունը՝ միայն 7 օր հետո: Սա ևս ապացուցում է, որ տրամաբանությունը մեր իշխանավորների բարեկամը չի: Անտրամաբանական է նաև մանկապարտեզները բացելը, բայց ուսումնական մնացած հաստատությունները փակ պահելը, ինչը, համաճարակաբանների ասելով, սխալ է, որովհետև միայն երկարացնելու է երկրորդ ալիքի գալու ժամանակը, այսինքն, լրիվ է կործանելու տնտեսությունն ու բազում թշվառության պատճառ է դառնալու: Էս կարգի անտրամաբանական բաների թիվ չափազանց է, սկսած խոշորներից, վերջացրած մանրներով: Էս կանոններն էնքա´ն են անհեթեթ, որ եթե սրանք իրոք իրագործվեն, բացարձակ հնար չեն տա, որ մարդիկ աշխատեն: Պարզ է, որ սրանք մեռած են հենց իրենց ծննդից: Ուրիշ բան էլ կա, պետություններն արդեն զարթնում են էս կորոնավիրուսային նախագծի չար կախարդանքից ու հերթով հրաժարվում են կարանտինից:

Մյուս կողմից էլ, շատանում ու հաճախանում են պետությունների ներկայացրած վիճակագրական խարդախությունների մերկացումները: Ժողովուրդն էլ արդեն հասկանում, որ խուճապն անհեթեթ էր ու կործանարար, ու արդեն բարձրանում է բողոքների ու ցույցերի առաջին ալիքը: Մեր իշխանություններն էլ երկար չեն դիմանա: Քաղգործչի համար էլեկտորատ կորցնելը մահացու է: Բայց ո՞վ իմանա, դիլետանտիզմը սահմաններ չի ճանաչում: Մեր իշխանավորների այսօրինակ հակամարդկային արարքների թիվն այնքան է շատ, որ սրանց հետևողական շարադրանքն ու վերլուծությունը շատ ժամանակ ու շատ տեղ է պահանջում: Սրա համար էլ էս կարճ դիտողությունները կավարտեմ մի հարցով ու էս հարցի երկու պատճառ-պատասխանով: Հարց –

Այնուամենայնիվ, մեր իշխանությունները ինչո՞ւ հենց հիմա չեն հետևում շվեդական մոդելին ու չեն թողնում, որ մարդիկ աշխատեն, սոված ու թշվառ չմնան ու տնտեսությունը չկործանվի:

Պատճառ 1-ին – Չեն թողնում, որովհետև էդ ժամանակ պիտի ստիպված խոստովանեն, որ իրենց մինչեւ հիմա արածները մարդկանց թշվառացնող ու տնտեսությունը կործանող սխալների մի շարան է եղել, ինչը ապացուցում է, որ իրենք ոչ միայն բացարձակ արժանի չեն երկիր կառավարելու կարգավիճակին, այլեւ ժողովրդի թշնամիներն են ու պիտի պատժվեն ըստ օրենքի: Պարզ է, որ իշխանությունները երբեք սա չեն խոստովանի:

Պատճառ 2-րդ – Էս «վիրուսամարտը» մի եզակի առիթ ընծայեց մեր իշխանավորներին, որ իրենք ժողովրդին ներկայանան ժողովրդի ցավ ու հոգսով տառապող կիսաստված հերոսների կեցվածքով, իսկ էս դերը չափազանց է հաճելի իրենց հոգուն: Էն մարդիկ, ովքեր առաջ ընդամենը շարքային քաղաքացի էին ու իրենց պրոֆեսիոնալ ունակություններով մնացած քաղաքացիներից ոչնչով առավել չէին, հիմա իրենց աչքին մարդկանց ապրելու կանոն հաստատող կիսաստված են: Սա էնքան գայթակղիչ ու հոգեպարար մի վիճակ է, որ միայն իշխանությունը (այսինքն, էս կիսաստվածային ստատուսը) կորցնելու սպառնալիքը կստիպի իրենց, որ հրաժարվեն կարանտինից: Սա երբ կլինի, անհայտ է, բայց մի բանը հաստատ է, մեր իշխանությունները կարանտինը երբեք լրիվ չեն վերացնի, մինչև էս ասածս սպառնալիքը լուրջ չհամարեն:

Ավելին, կարանտինը քննադատողներին կվերաբերեն թշնամությամբ ու կհայտարարեն, որ դրանք սադրիչներ են: Մնացած հնարավոր «տնտեսական» պատճառներից չեմ խոսում, որովհետև փաստ չունեմ, չնայած հնարավոր խելամիտ ենթադրությունների թիվը մեծ է: Էնպես որ մնում է հույս ունենանք, որ մեր իշխանավորները շուտ զգան էդ սպառնալիքի հնարավորությունը, որովհետև ուրիշ ելք չկա, որովհետև ժողովուրդը դժվար թե դուրս գա փողոց (բայց ո՞վ իմանա, ապագան գուշակելի չի): Սրանք էն մարդիկ չեն, որ մտածեն, թե մեկնումեկը օրվա հաց չունի կամ 100000 դրամ տուգանքը իր համար նույնն է, ինչ-որ 100000 դոլար տուգանքը: Իրենց վիթխարի ռոճիկներն ու վիթխարի պարգևավճարներն ու արտոնությունները վաղուց են իրենց մոռացնել տվել մարդկայնությունն ու իրականության զգացումը:

Մերուժան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031