Այսօր ՄԱԿ-ի՝ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրն է։ Այս առիթով Զորյան ինստիտուտը ընդգծում է իր երկարաժամկետ նախաձեռնություններից մեկի կարեւորությունը՝ ճշմարտության բացահայտման, ինչպես նաեւ հայերի եւ թուրքերի միջեւ հաշտեցման եւ երկխոսության խթանումը, այնուհետ «Մեկ ընդհանուր գիտելիքի» (Common body of knowledge) ստեղծումը։
Զորյան ինստիտուտի նպատակն է վերացնել կեղծված պատմության հսկայական խոչընդոտը եւ օժանդակել երկու ժողովուրդների միջեւ համերաշխության հաստատումը՝ հետազոտելով եւ զարգացնելով այդ ժամանակաշրջանի պատմագրությունը՝ հիմնված ճշմարտության վրա։ Այս նպատակին հասնելու համար ինստիտուտը հավաքում, հետազոտում, հրատարակում եւ թարգմանում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հեղինակավոր, երկուստեք ճանաչված օսմանյան եւ թուրքական, ինչպես նաեւ պատերազմական ժամանակաշրջանի իր դաշնակիցներ Գերմանիայի եւ Ավստրիայի արխիվային փաստաթղթերը` ճշգրիտ եւ մեկ ընդհանուր պատմությունը, ինչպես նաեւ հիշողությունը վերականգնելու համար՝ ի շահ հայ եւ թուրք ժողովուրդների։
Ինստիտուտի «Մեկ ընդհանուր գիտելիք» ծավալուն հավաքածուի բացառիկ արժեք ներկայացնող հրատարակություններից մեկը Վոլֆգանգ Գուստի «Հայոց ցեղասպանություն․ ապացույցներ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներից» աշխատությունն է։ Այս գիրքը առանցքային դեր ունեցավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունման հարցում։ Այն ներկայացնում է ապացույցներ, որոնք հաստատում են Գերմանական կայսրության մասնակի հանցակցությունը Հայոց ցեղասպանության իրագործման ընթացքում։ Գերմանիայի Բունդեսթագը ընդունել է հետեւյալ բանաձեւը 2016 թվականի հունիսի 2-ին․
Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւը
Կարդացեք նաև
«Բունդեսթագը զղջում է, որպես Օսմանյան կայսրության հիմնական դաշնակից, Գերմանական կայսրության անփառունակ դերի համար, որը, չնայած հայերի դեմ կազմակերպված բնաջնջման եւ բռնագաղթի վերաբերյալ բացահայտ տեղեկությունների՝ ներառյալ այն տեղեկությունների, որոնք ստացվում էին գերմանացի դիվանագետների և միսիոներների կողմից, ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ ոճիրը կախելու համար․․․ Գերմանական կայսրությունը կրում է մասնակի պատասխանատվություն այս իրադարձությունների համար»:
Հարցազրույց Վոլֆգանգ Գուստի հետ
Ինստիտուտը լիահույս է, որ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրվա խորհուրդը կդրդի Թուրքիայի կառավարությանը փոխելու իր ժխտողական քաղաքականությունը եւ հաշտվելու իր պատմության մութ էջերի հետ։ Միայն մեկ ընդհանուր պատմական ճշմարտության պարագայում Հայաստանն ու Թուրքիան կարող են սկսել առողջացման գործընթացը երկխոսության և հաշտեցման միջոցով, և, վերջապես, որպես հարեւաններ խաղաղ ապրել կողք կողքի։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ