Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցիչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր․ ԱՆ

Մայիս 17,2020 12:16

Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով:

Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցիչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ:

Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում:

Բացի այդ, վճարովի թեստավորման իրականացման թույլատրելիության դեպքում այն կարող են սկսել իրականացնել տարբեր լաբորատորիաներ` առանց կենսանվտանգության ապահովման գործընթացի գնահատման, կենսանվտանգության համակարգի առանցքային պահանջների պահպանման, լաբորատորիաներում վարակի հսկողության իրականացման, գործընթացների պատշաճ հոսքայնության ապահովման, ինչպես նաև հնարավոր է հետազոտվողների անձնական տվյալների անհարկի տարածում՝ տեղեկատվական անվտանգության պահանջների ոչ պատշաճ պահպանման դեպքում:  Նման գործունեությունն անթույլատրելի է նախ աշխատակիցների և այցելուների շրջանում վարակի տարածման, և ապա հետազոտության հավաստի արդյունքներ ստանալու նկատառումներից ելնելով:

Երբեմն անհնար է լինում հավաքագրել տեղեկատվություն թեստավորման դրական արդյունք ունեցած անձանց վերաբերյալ՝ նրանց հետագա բուժումը կազմակերպելու և համաճարակաբանական միջոցառումներ իրականացնելու համար, որը նվազեցնում է համաճարակի կառավարելիությունը:

Հաշվի առնելով հետազոտությունների իրականացման կենտրոնացման անհրաժեշտությունը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031