Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնեբեկով «Կապրեզե» եւ ոլորված «Սպանակոպիտա»

Մայիս 17,2020 14:30

Իտալական «Կապրեզե» աղցանի երկու տարբերակ ձեզ ներկայացրել եմ, դասական «Կապրեզեն»՝ այստեղ եւ «Չերրի կապրեզեն»՝ այստեղ: Այս անգամ կառաջարկեմ, օգտվելով առիթից, որ ծնեբեկի սեզոնն է, պատրաստեք ծնեբեկով կապրեզե: Ներկայացրել եմ նաեւ «Սպանակոպիտա» հունական կարկանդակը՝ ֆիլո խմորով, ֆետայով եւ սպանախով: Այս անգամ կառաջարկեմ պատրաստեք նույն կարկանդակը՝ այլ ձեւով:

Անհրաժեշտ մթերքները

Աղցանի համար

Բազիլիկ (կանաչ ռեհան) 10-15 ճյուղ

Մոցարելա պանիր- 150-200 գրամ (հայկական արտադրության փոքրիկ մոցարելաները 200, իսկ իտալական արտադրությանը՝ 150 գրամանոց տուփերով են)

Չերրի տեսակի լոլիկ- 15-20 հատիկ

Պեստո թանձրուկ- 2 ճաշի գդալ (պեստոն կարող եք գնել ինչպես պատրաստ վիճակում՝ պահածոների եւ թանձրուկների բաժնից, այնպես էլ պատրաստել ինքներդ, բաղադրատոմսը՝ այստեղ)

Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ

Ծնեբեկ- 10-12 հատ

Համեմունքներ-ըստ ճաշակի

Կարկանդակի համար

Ֆիլո խմոր- 400-500 գրամ (երեւանյան սուպերմարկետներում վաճառվում են 400 կամ 500 գրամանոց տուփերով)

Կարագ կամ հալած յուղ- 100 գրամ

Ֆետա տեսակի պանիր- 150 գրամ

Կաթնաշոռ-100 գրամ

Սպանախ- մեկ կապ

Ձու-1 հատ

Համեմունքներ-ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լավ լվացեք բազիլիկը, չերրի լոլիկը, ծնեբեկը, կարկանդակի համար նախատեսված սպանախը:

Ծնեբեկի ցողունի փայտացած մասը հեռացրեք, մաքրեք նաեւ «թեփուկները»: Եթե ունեք գրիլ թավա, ապա լավ տաքացրած թավայի վրա առանց յուղի տապակեք ծնեբեկը՝ 1-ական րոպե՝ երկու կողմից:

Եթե չունեք, ապա արագ խաշեք: Եռացող ջրի մեջ աղ արեք, ծնեբեկը 2 րոպեով ընկղմեք այդ ջրի մեջ եւ արագ հանեք, չթողնեք շատ եփվի:

Աղցանամանի մեջ լցրեք ջրքամված բազիլիկի տերեւները, մոցարելայի գնդիկները, չերրի լոլիկները՝ մեջտեղից կիսված եւ երկու-երեք մասի բաժանված ծնեբեկը: Պեստո թանձրուկը լցրեք փոքրիկ թասիկի մեջ, վրան ավելացրեք ձիթապտղի յուղը, լավ խառնեք եւ այդ զանգվածը լցրեք աղցանի վրա: Աղ, սեւ պղպեղով համեմեք եւ աղցանը պատրաստ է: Ցանկության դեպքում կարող եք նաեւ դդմի սերմեր ավելացնել՝ գույնի եւ օգտակարության համար:

Կարկանդակը պատրաստելու համար նախ պետք է մի քանի ժամ առաջ ապասառեցնեք ֆիլո խմորը, որը սովորաբար սառեցված վիճակում է վաճառվում: Պատրաստեք միջուկը: Պանիրը եւ կաթնաշոռը տրորեք, ավելացրեք լվացած եւ չորացրած սպանախի տերեւները: Լավ խառնեք, ավելացրեք ձուն եւ համեմունքները՝ կարմիր եւ սեւ պղպեղ, չորացրած կանաչիներ:

Սեղանի վրա տարածք ազատեք: Ֆիլո խմորի շերտերը այնպես դասավորեք սեղանի վրա, որ երկար ուղղանկյուն տեսք ունենան: Վրան քսեք հալած կարագը կամ յուղը, եւս մեկ շերտ խմոր դրեք նախորդի վրա, նորից յուղոտեք, ապա հաջորդ շերտն ավելացրեք:

Երբ խմորի բոլոր շերտերը դասավորած կլինեք, ամենաեզրին շարեք միջուկը՝ ողջ երկայնքով, ապա զգուշորեն, ռուլետի նման ոլորեք խմորը, որ ստանաք մի մեծ, երկար «օձ»:

Կլոր թավայի տակը յուղոտեք, «օձը» գալարեք ինքն իր շուրջը եւ տեղափոխեք ամենի մեջ: Վրան էլ առատ յուղ քսեք եւ դրեք նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մոտ 20 րոպեով:

Կարկանդակը կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ՝ սառը վիճակում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031