Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այսօր պարետատնից տեղեկացրել են, որ թեստավորման արդյունքը դրական է: Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Շամշյանն ասաց, որ արդեն մեկուսացված է, 10-14 օր մնալու է մեկուսարանում, ու անկեղծացավ՝ դժվար է հաշտվել մտքի հետ, որ երկու շաբաթ չի աշխատելու եւ քաղաքացիների ահազանգերին չի արձագանքելու:
«Ինձ շատ լավ եմ զգում, ո’չ տաքություն ունեմ, ո’չ գլխացավ, ո’չ էլ որեւէ այլ ախտանշան: Հարցրեցին, թե ումից կարող եմ վարակված լինել, բայց ոչ մեկին կասկածել չեմ կարող, որովհետեւ օրվա ընթացքում շատ մարդկանց հետ եմ շփվում: Համենայն դեպս, ուր էլ գնացել եմ՝ միշտ եղել եմ դիմակով»,-նշեց մեր զրուցակիցը:
Գագիկ Շամշյանն ընթերցողներին առողջություն մաղթեց. «Ամենակարեւորը, որ մարդիկ հոգեբանորեն չընկճվեն: Կարծում եմ, որ այս իրավիճակը մարդկանց վրա ավելի շատ հոգեբանորեն է ազդում: Ուղղակի չեմ պատկերացնում, թե այսքան օր ինչպես եմ պարապ մնալու»: Շամշյանը կատակեց՝ եթե երկար ժամանակով մեկուսացվի, գուցե դրանից հետո իրեն տանեն հոգեբուժարան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ