Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին. «Ապացույցները կեղծված են քննչական խմբի ղեկավարի կողմից, նա հետախուզվում է»

Մայիս 16,2020 17:44

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռավար ասուլիսի ժամանակ հնչած հարցերից մեկը վերաբերվում էր Մարտի 1-ի գործի վերաբացմանը: Լրագրողի դիտարկմամբ՝  չի տրվել այն հարցի պատասխանը, թե, ի վերջո, ովքեր են սպանել տասը զոհերին, արդյո՞ք վարչապետը գոհ է գործի քննության ընթացքից, կարեւոր է նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրե՞լը, թե՞ սպանողներին գտնելը:

«Ըստ էության շատ մանրամասներով  բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին եւ դրանից հետո: Ըստ մեղադրանքի՝ կրակված պարկուճները տարածքում փոխել է գործը քննող քննչական խմբի ղեկավարը… Դա նշանակում է՝ իսկական կրակողների պարկուճները չկան, եւ մենք հնարավորություն չունենք այսօր այդ պարկուճներով նույնականացնել եւ փորձել այդ զենքերը գտնել: Եվ հիմա այդ քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ… Ինչի՞, թող գա պատմի, ինչ է արել պարկուճները, գուցե ինքը գիտի սպանության հեղինակների անուն-ազգանունները… Քննությունը պետք է շարունակվի, մենք պետք է աշխատենք այդ անձին ձերբակալելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, դա հեշտ չէ, բայց պետք է գնանք այդ  ճանապարհով»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքերով. «Մեծ հաշվով պարզ է, թե ինչ շրջանակ է կազմակերպել այդ սպանությունները, ուստի գնալ մինչեւ վերջ, եւ այն անհատներին, որոնք այդ կրակոցն իրականացրել են, պետք է բացահայտել։ Նաեւ պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձեւավորել  ու մտցրել ժողովրդի մեջ: Այսօր քրեական գործերը հարուցված են, մի մասը ուղարկված է դատարան: Այ որ հնարավորություն տրվի, որ դատաքննություն տեղի ունենա, կարծում եմ՝ շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա: Կարեւոր է ե՛ւ կազմակերպիչների, ե՛ւ իրականացնողների բացահայտումը»:

Վարչապետը նորից շեշտեց. «Ամենակարեւոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից, պետք է կռահել, որ նա դա իր նախաձեռնությամբ չի արել, մինչեւ վերեւ արվել է: Երբ այն ժամանակ գործող նախագահի օգնականը փաստահավաք խմբի քննության գնացող մարդկանց նկատմամբ ճնշումներ է գործադրել, ինչի՞ համար են դա արել… Իրականությունը թաքցնելու համար: Տասը տարի թաքցրած, ապացույցները կեղծած իրականությունը հեշտ չէ երկու տարում բացահայտելը: Եթե պարզվի, որ հավաքած պարկուճները տարել-լցրել մի ձուլարանում ձուլել են, պատկերացնո՞ւմ եք դա ինչ է նշանակում…»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031