Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հուսամ՝ իշխող թիմը կդադարեցնի անհեթեթ պնդումները, թե այս կամ այն վտանգավոր դրույթը չի բանակցվում». Էլիբեգովա

Մայիս 16,2020 16:19

«Վարչապետը վերջապես խոստովանեց, որ բանակցային սեղանի շուրջ քննարկվում են բոլոր հնարավոր լուծումների տարբերակները, այդ թվում՝ նաև ոչ հայանպաստ։ Հուսամ՝ իշխող թիմը կդադարեցնի այն անհեթեթ պնդումները, որ այս կամ այն վտանգավոր դրույթը չի բանակցվում առհասարակ։ Բանակցվում է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում Արցախի հարցի վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց քաղաքագետ, Ադրբեջանի հարցերի փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են հիմքերը պնդելու, որ այս կամ այն վտանգավոր դրույթը բանակցվում է, եթե ԱԳ նախարարի եւ վարչապետի մակարդակով քանիցս ասվել է, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա: Մեր զրուցակիցը շեշտեց. «Բանակցելը և փաստաթուղթ ունենալը դա տարբեր բաներ են։ Մեկը պրոգրեսն է, մյուսը՝ արդյունքը։ Եթե չկա վերջնական փաստաթուղթ, դա չի նշանակում, որ տարբեր սցենարներ, առաջարկներ և լուծման տարբերակներ չեն քննարկվում։ Իհարկե քննարկվում են, քանի որ Ադրբեջանն իր օրակարգով է գալիս, մենք՝ մեր, և եթե միայն հայանպաստ տարբերակներ բանակցվեին, Ադրբեջանը ուղղակի դուրս կգար բանակցային գործընթացից»:

Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ Փաշինյանն այսօր խոսեց բանակցային սեղանի շուրջ Արցախի «ընտրյալ ներկայացուցիչների» մասին, սակայն հերթական անգամ խուսափեց ասել «ԼՂՀ նախագահ» կամ «ԼՂՀ իշխանություն»։ Հարցին ի պատասխան, թե ինչու նա չի օգտագործում այդ եզրույթները, տիկին Էլիբեգովան նշեց, որ իր համար անհասկանալի են դրդապատճառները: Փորձագետը շեշտեց՝ Փաշինյանը նաեւ չպարզաբանեց, թե ինչու չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղանի շուրջը. «Երկու տարի առաջ նա շատ վստահ էր, որ առանց Արցախի չի բանակցելու, մենք էլ չուզողն էինք, երբ կանխատեսում էինք, որ դա անհնար է»:

Նիկոլ Փաշինյանն այսօր ասել էր, որ արդեն 22 տարի ձևավորված իրականությունում Արցախը որոշված է եղել դուրս թողնել բանակցային գործընթացից: Անժելա Էլիբեգովան հակադարձեց. «Այդպես չի, որովհետեւ առնվազն մի քանի հայտարարություն կա ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, որոնցում ընդգծվել է Արցախի՝ պարտադիր վերադարձը կանխորոշիչ փուլում»:

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից այն թեզի հիշատակմանը, որ Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, եւ որ չի լինելու մի առաջարկ, որի մասին ժողովուրդը տեղյակ չպահվի, տիկին Էլիբեգովան նկատեց. «Երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակը հայկական կողմի պաշտոնական դիրքորոշում սարքելուց ժողովրդից որեւէ մեկը կարծիք չհարցրեց, ինչպես չհարցրեց նաեւ լրագրողների փոխայցեր կազմակերպելիս։ Իսկ  հարցնելն ինչպե՞ս է լինելու, «լայվի» «լայքերի» քանակո՞վ…հավելեմ, որ իրականում վարչապետից պահանջվում էր ասել երկու բան՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» և «հայկական կողմը մերժել է փուլային տարբերակը»։ Կարճ ու կոնկրետ երկու թեզ են բոլորը ուզում լսել, բայց կրկին չլսեցինք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031