Հ1-ը Նիկոլ Փաշինյանին հարցեր էր ուղղել, որոնք վերաբերում էին Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, որ Փաշինյանը ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով իրեն առաջարկվել է խորհրդանշական գումար փոխանցել հիմնադրամներից մեկին, հրաժարվել Հայաստան վերադառնալու մտքից՝ քրեական գործ չհարուցելու դիմաց։ Հարցերից մեկն էլ հետեւյալն էր՝ ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետը Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի կողմից Հայաստանից ծխախոտ արտահանելու լուրը:
«Առաջին հայտարարությամբ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն եւ ինչքան գիտեմ՝ զբաղվում են: Կա նաեւ այսպիսի մի հանգամանք, ես ասել եմ, որ նախընտրում եմ՝ իմ հրապարակային եւ ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չտարբերվեն: Առավել եւս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իմ հրապարակային հայտարարությունները չեն կարող տարբեր լինել ոչ հրապարակային հայտարարություններից: Ամեն դեպքում, կարծում եմ, որ սա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները»,-ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է կնոջ եղբոր հետ կապված դրվագին, այս մասին էլ Փաշինյանը նշեց. «Ես տեղյակ եմ, որ այդտեղ նույնպես դատական հայց կա, Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել, ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, եւ այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք եւ անհրաժեշտություն կունենամ, այլ դատական պրոցեսի ընթացքում դուք բոլորդ հրապարակայնորեն հնարավորություն կունենաք տեսնելու` ինչն է ճիշտ եւ ինչն է սխալ: Այստեղ կա մի նրբություն՝ այդ ծխախոտի արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել, ոչ մի արտոնյալ վիճակ ոչ մեկի համար չեն ստեղծել, արտահանողներն իրենք պետք է արտահանեին երրորդ երկիր, բայց փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել: Կարծում եմ, որ այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն եւ բոլոր մեղավորներին պատժեն»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ