Հանքարդյունաբերության մասին հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանին իր ասուլիսում ասաց, որ իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, մետաղական օգտակար հանածոների ոլորտում ներգրաված մարդկանց հայտարարագրի ներկայացման ժամկետ է սահմանվել 2020 թ․ փետրվարի 20-ը: Ասաց նաեւ, որ իրական սեփականատերերի անունները հանրային մակարդակում բացահայտված են, կան որոշ քրեական գործեր, որոնց քննության եւ դատական փուլին անցնելու ընթացքում շատ հարցերի պատասխաններ կհնչեն:
Վեթինգի մասին օրենքի վերաբերյալ որոշ ՀԿ-ների հայտնած դժգոհության մասին էլ վարչապետն ասաց. «Լավ նպատակ չի քայլեր անել ՝ ինչ-որ սեկտորի դժգոհությունները մեղմելու համար, կառավարությունը պատրաստվում է քայլեր անել եւ անում է այդ քայլերը՝ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար… Բայց արդյոք արագ բարեփոխումը լավ բարեփոխում է։
Ես՝ որպես լրագրող եւ քաղաքացի, ականատես եմ եղել մի քանի բարեփոխումների փայլուն ծրագրերի, որ վիժեցվել են բարեփոխումների հեղինակների շատ արագ իրականություն դարձնելու հասկանալի մղման պատճառով… Համարում եմ, որ բարեփոխումներ Հայաստանում պետք է ընթանան հանդարտ կերպով»:
Վարչապետը իր ասածը պատկերավոր ներկայացրեց խորովածի օրինակով. «Երբ մեր տուն հյուր է գալիս, եւ խնդիր կա խորոված անելու, քանի որ մարդիկ սոված են, պետք է հնարավորինս արագ խորովածն իրենց հասցնել, դրա համար թեժ կրակ է արվում: Բայց եթե խորովածն արագ է արվում, երեսը վառում է, մեջը հում է մնում, արդյունքում հյուրերը սոված են հեռանում, որովհետեւ այդ խորովածն ուտելու չէ… Նույնն էլ բարեփոխումներն են՝ երեսը վառած, մեջը հում, բայց մտադրությունը լավն է…
Կարդացեք նաև
Մենք չենք ուզում Հայաստանում արագ ստեղծել պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատարան… Ես ինձ երկար ժամանակ հարց եմ տալիս՝ լավ էս դատավորներին գործից, որ հանում ենք, ո՞ւմ ենք բերում, ովքե՞ր են էդ հրեղեն դատավորների թեկնածուները, որ գալու են.. Ես Հայաստանը լավ եմ ճանաչել եւ ճանաչում, բայց ցնցված եմ այն փաստից, թե մեր իրականության մեջ մաֆիոզ մտածողությունն ինչքան խորն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ