ՌԴ գործընկերների հետ հարաբերություններում արդյո՞ք խութերը հարթված են, թե կան խնդիրներ առաջացնող հարցեր, հատկապես որ ՌԴ իշխանությունները ոչ միանշանակ են ընկալում ՀՀ-ում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների շուրջ կատարվող իրավական գործընթացները, կլինի՞ որեւէ հստակություն ՌԴ-ից մատակարարվող գազի գնի շուրջ: Ո՞ր փուլում են բանակցությունները:
Ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ինտերֆաքսի» այս հարցերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը կքննարկի այն, մեր քաղաքական խորհրդակցությունները այդ թեմայով շարունակվում են: Այս պահին կոնկրետ որեւէ բան ասել չեմ կարող, բայց պիտի արձանագրենք, որ նաեւ էներգակիրների շուկաների փլուզման, նավթի գների անկման պայմաններում մենք կարող ենք ակնկալել ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ: Մանավանդ եթե հաշվի առնենք կորոնավիրուսի ճգնաժամը եւ նրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով՝ մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ»:
Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների հետ կապված իրավիճակներին, ՀՀ վարչապետը նշեց. «Այդ թեման ամենայն մանրամասնությամբ եւ բաց քննարկել եմ ՌԴ գործընկերոջ, ՌԴ նախագահի հետ, ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ, եւ մնում է, որ ի կատար ածենք ու իրականացնենք այդ պայմանավորվածությունները այնպես, որ հաշվի առնվի մեր երկրների հարաբերություննների շահերը»:
Խութերին եւ հարցերին էլ անդրադարձ եղավ. «Մենք ունենք շատ հարուստ օրակարգ մեր հարաբերություններում եւ այդ հարաբերությունների օրակարգի հարցերը լուծելով գնում ենք առաջ եւ համոզված են, որ լուծելով կգնանք առաջ… Մի հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով, մի հարցը՝ կոմպրոմիսային տարբերակով, երրորդը՝ մեկ այլ կերպ… Բոլոր դեպքերում էլ պետք է լինեն փոխզիջումներ, բարեկամական դաշնակցային փոխըմբռնում»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեկ այլ լրագրողի հարցին՝ արդյոք արդյունավե՞տ է համարում Լեռային Ղարաբաղի կարգավորման հարցի գործող ձեւաչափը, թե՞ կարծում է, որ անհրաժեշտ են նոր մոդելներ, եթե այո՝ ինչպիսին կարող են լինել նորմ մոտեցումները, դիտարկվո՞ւմ է խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը եւ նախկին նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է , այս մասին էլ Փաշինյանն ասաց, որ պահին անհրաժեշտություն տեսնի, ոչ մի խնդիր չի տեսնի նախկին ղեկավարների հետ հարցը քննարկելու առումով: Նա միաժամանակ հավելեց. «Նախկինում վարած բանակցությունների մասին ինստիտուցիոնալ ինֆորմացիան պետական կառավարման համակարգում առկա է, համենայն դեպս այն ինֆորմացիան, որ կարիքն ունեցել եմ, այսօր իմ ձեռքի տակ է:
Ինչ վերաբերում է ձեւաչափին, մենք բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի, Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ էական եւ կարեւոր ենք համարում, որովհետեւ չենք պատկերացնում լուծում՝ առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության: Խոսք է գնում այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախը վերադարձնել բանակցային սեղան, այնպես ինչպես Արցախին չի հաջողվել բանակցային սեղան վերադարձնել վերջին քսաներկու տարում, երբ 1998թ Արցախը բանակցություններից դուրս թողնվեց, եւ քսաներկու տարի ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատել է այդ պայմաններում:
Եղել է լռելյայն կոնսենսուս, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ չլինի: Մեր պատկերացումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել՝ առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների, եւ մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, խաղաղապահ ուժեր եւ այլն, նախկինում եղած փաստաթղթերում եւ հրապարակային հայտարարություններում խաղաղապահ ուժերի գաղափարը միշտ էլ ներկա է եղել:
Ամենատարբեր գաղափարներ կարող են ներկա լինել,.բայց ընդհանուր առմամբ անդրադառնալով Ղարաբաղի հարցին՝ ես նախկինում հետեւյալն եմ հայտարարել եւ խնդրում եմ միշտ հաշվի առնել: Ես ասել եմ, որ եթե լինի այնպիսի լուծում՝ բանակցությունների արդյունքում, որին ոչ թե ես հակված կլինեմ ասել՝ այո, այլ կմտածեմ, որ գուցե չարժի ասել ոչ՝ առանց մեր հանրության, ժողովրդի հետ խորհրդակցելու, եթե կձեւավորվի այդպիսի տարբերակ: ԱԺ-ում էլ եմ նկարագրել որն է այդ գործողությունը՝ վերցնել այդ տարբերակը, գալ առաջինը խոսել ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների հետ, խորհրդարանների հետ եւ ժողովրդի հետ:
Ես դեռ 2018 թ Արցախի հարցի կարգավորման այնպիսի հրապարակային պայման եմ կապել մեր ժողովրդի հետ, որ այստեղ որեւէ շահարկման տեղ չի կարող լինել…Հարց են տալիս՝ կարո՞ղ է ՀՀ կառավարությունը կամ վարչապետը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման գնա: Այդ հարցը ինձ չեք տալիս, ձեզ եք տալիս: Կարող ե՞ք համաձայնել՝ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմանը: Այսօր բանակցային սեղանի շուրջ նստած անձը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին, եւ ժողովրդին ներկայացնելով ասում է՝ եթե կլինի այնպիսի լուծում, որին ոչ ասելը ռացիոնալ չի լինի, այդ ժամանակ էլի կգանք անվտանգության խորհուրդ եւ այլ եւ այլն: Ինչի Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքո՞վ, էդ ո՞վ է այդ մարդը, ես ուզում եմ իմանալ»:
Փաշինյանն ասաց, որ միտում է նկատում՝ ոմանք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել. «Անընդհատ ասում են՝ վայ էս ինչ է տեղի ունենում… Շատ կարեւոր նրբություն կա, կարգավորման գործընթացի հիմքում դրված մի սկզբունք, որ որեւէ բան որոշված չէ, քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, համաձայնեցված չէ: Բանակցային սեղանի շուրջ տարբեր մարդիկ են նստած, կարող են հնչեցնել տարբեր կարծիքներ՝ ամենաանընդունելիից մինչեւ ընդունելի գաղափարներ: Ուզում են այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ ՀՀ ներկայացուցիչները ականջները փակեն, ասեն ՝ ոչինչ չե՞նք լսում, թողեն փախնեն բանակցությունների սեղանի մոտից: Ես ձեզ ասում եմ, որ Ղարաբաղի հարցի լուծողը հայ ժողովուրդն է, իսկ մենք կաշկանդված չենք լինելու բանակցային սեղանի շուրջ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ