Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիզվառելիքի էժան գնով գործադիրը չպետք է ոգեւորվի». տնտեսագետը՝ վարչապետի նշած ձեռքբերումների կոռուպցիոն հիմքերի մասին

Մայիս 16,2020 14:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում կառավարության ձեռքբերումների թվում նշեց այն, որ բենզինի գինը 480 դրամից իջել է 320 դրամի, եւ որ կարագի, շաքարավազի շուկաներում ներկրման սահմանափակումներ այլեւս չկան: Aravot.am-ը տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց, թե իր գնահատմամբ՝ ի՞նչ գործոնների արդյունք կամ հետեւանք է նշյալը:

Բենզինի մասին Սուրեն Պարսյանը նախ շեշտեց. «2019թ.-ի ընթացքում բենզինի շուկայում համակենտրոնացման մակարդակը, 2018թ-ի համեմատ, 96%-ից դարձել է 100%: Այսինքն, այս կառավարության ջանքերի արդյունքում շուկան ավելի է մոնոպոլացվել երեք տնտեսվարողների կողմից, ի դեմս «CPS»-ի, «Ֆլեշ»-ի եւ «ՄաքսՊետրոլ» ընկերությունների: Այստեղ էր, որ կառավարությունը կարող էր շուկան դիվերսիֆիկացնել, նոր ներկրողների բերել եւ ասել, որ դա իր շնորհքն է: Բայց տեղի է ունեցել հակառակը՝ նա կրճատել է բենզին ներկրողների եւ վաճառողների թիվը շուկայում»:

Տնտեսագետը նշեց, որ համաշխարհային շուկայում նվազել է նավթի գինը, ընդ որում՝ աննախադեպ ծավալով, հատկապես պայմանավորված կորոնավիրուսի ֆինանսատնտեսական ճգնաժամով. «Օրական պահանջարկը նվազել է 20 միլիոն բարել նավթի չափով, բայց արդյունահանման ծավալներն այդքան չեն նվազել, եւ, բնականաբար, նավթի ավելցուկի արդյունքում նավթի գներն իջել են: Նավթի գնի իջեցումը մեր դիզվառելիքի վրա ունի 5-7%-ի ազդեցություն: Մյուս գործոնը, որն ազդել է այս ընթացքում, դա այն փաստն է, որ մենք բենզին եւ դիզվառելիք ձեռք ենք բերում ռուբլով, որն էլ արժեզրկվել է հունվարի մեկից սկսած՝ մոտ 20%-ի չափով: Բնականաբար, դա էլ նպաստել է, որ բենզինն ու դիզվառելիքն ավելի էժան ներկրվեն: Բայց բենզինի ու դիզվառելիքի էժան գնով կառավարությունը, կարծում եմ, չպետք է ոգեւորվի, որովհետեւ սրա արդյունքում տեղի է ունենում մանրածախ շուկայի համակենտրոնացման մակարդակի աճ: Այլ կերպ ասած, բենզալցակայանների ցանցերը մոնոպոլացվում են նշյալ երեք տնտեսվարող սուբյեկտների կողմից: Եթե նրանց բաժին էր ընկնում ներկրման մեծ մասը, հիմա նրանք նաեւ ընդլայնում են ազդեցությունը մանրածախ շուկայում, քանի որ ցածր գնի եւ ցածր պահանջարկի պայմաններում փոքր եւ միջին բենզալցակայանները դադարեցնում են գործունեությունը, չեն կարողանում մրցակցել նրանց հետ»:

Փորձագետը հավելեց. «Մեկ կարեւոր հանգամանք էլ շեշտեմ: Երբ վարչապետը հայտարարում է, որ դիզվառելիքի դեպքում 2019թ.-ի ընթացքում ունենք համակենտրոնացման մակարդակի նվազում՝ 4-5%, հիշեցնեմ, որ այդ նվազումը պայմանավորված է արհեստական միջամտությամբ: Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանին պատկանող «Գազօյլ» ընկերությունը, որը հիմնադրվել է հունիսին, սեպտեմբերին մասնակցել եւ շահել է ՊՆ-ի դիզվառելիքի տենդերը՝ 4997 տոննա, որը տարեկան պահանջարկի մոտ 2-4%-ն է կազմում: Այսինքն, արհեստական ձեւով այս իջեցման մեծ մասը տվել են «Գազօյլ»-ին, որն իշխանության հետ կապված ընկերություն է: Բացի այդ, այս ընկերությունը ՊՆ-ին դիզվառելիք է վաճառել մեկ լիտրը 417 դրամով, այն դեպքում, երբ նույն ժամանակ Դիլիջանի քաղաքապետարանը դիզվառելիք է ձեռքբերել 410 դրամով: Ծավալներն էլ չհամեմատեմ, բայց քաղաքապետարանն ավելի էժան է գնել: Այսինքն, գործ ունենք կոռուպցիոն ռիսկերի եւ անարդյունավետ գնման հետ, որը կառավարությունը որպես ձեռքբերում է ներկայացնում»:

Սուրեն Պարսյանը տնտեսական մենաշնորհների առնչությամբ անդրադարձավ նաեւ կարագի շուկային. «ՏՄՊՊՀ-ն մինչեւ օրս թաքցնում է, թե կարագի շուկայի համակենտրոնացման մակարդակի իջեցումը որ ընկերություններով է պայմանավորված, այսինքն՝ չկա տեղեկատվություն, թե ինչ ընկերություններ են սկսել ներկրում անել: Մեծ կասկած կա, եւ մենք էլ ունենք տեղեկատվություն, որ «Ալեքս ընդ հոլդինգ»-ի հետ փոխկապակցված ընկերություններ են դրանք եղել, եւ, ըստ էության, շուկայում ոչինչ չի փոխվել: Ավելին՝ մարտին, երբ բնակչությունը մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ էր գնում, «Ալեքս ընդ հոլդինգ»-ը խանութներին կարագ չէր մատակարարում, փոխարենը՝ այդ կարագը «Երեւան սիթի»-ներում էժան գներով էր վաճառում: Արդյունքում մարդիկ, բնականաբար, գնումներ են անում այն առեւտրի կենտրոնից, որտեղ բոլոր ապրանքները կան, մասնավորապես՝ սուպերմարկետներից, որովհետեւ խանութներում կարագ չկար: Այսինքն, ունենք գերիշխող դիրքի չարաշահման շատ դեպքեր, որոնց առնչությամբ որեւէ վարույթ չի սկսվել, նրանք շարունակում են իրենց գործունեությունը: Նույն ՏՄՊՊՀ-ն այս տարվա փետրվարին վարույթ է սկսել շաքարավազի շուկայում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած ձեռքբերման հիմքով: Այսինքն, ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ  2019թ.-ին «Ալեքս ընդ հոլդինգ»-ը դեպինգ է արել շուկայում, այսինքն՝ դիտավորյալ շուկայում գները գցել է, ինչը թույլ է տվել իր ցանցը պահպանել ու ընդլայնել: Այսինքն՝ այն, ինչ վարչապետը նշում է որպես ձեռքբերում, ՏՄՊՊՀ-ին դիտել է որպես գերիշխող դիրքի չարաշահում ու վարույթ է սկսել, որի արդյունքների մասին առ այսօր որեւէ տեղեկություն չկա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031