Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ չեն աշխատում մի շարք գործարաններ, որոնց մի մասի բացմանն անձամբ է մասնակցել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես շատ տեղերում կարող եմ շատ բաների մասնակցել, ես լինում եմ գյուղատնտեսական դաշտերում, սրճարաններում, ձեռնարկություններում, բայց ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա եւ ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում են այդ ընկերության սեփականատերն ու ղեկավարությունը:
Ուրիշ բան՝ եթե Հայաստանի Հանրապետությունում ստեղծել է կառավարությունը՝ օբյեկտիվ եւ անհրաժեշտ պայմաններ ընկերությունների գործունեության համար: 100 փաստերի մեջ տասնյակ փաստեր նշեցի, որ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար բավականին լավ պայմաններ են ստեղծվում»,-ասաց վարչապետը: Նա հավելեց, որ կան այնպիսի ընկերություններ, որոնց սեփականատերերը կոռուպցիոն գործողություններով գտնվում են հետախուզման մեջ:
Ապա ընդգծեց. «Ընդհանրապես, երբ որեւէ մեկը հրավիրում է իր տնտեսական գործունեությունը ներկայացնելու համար, ես չեմ խուսափում գնալ, բայց եթե որեւէ մեկը մտածում է, որ իմ՝ որեւէ տեղում գտնվելն իրենց ազատելու է օրենքի առաջ ունեցած պատասխանատվությունից, կամ պետք է ընկերություններն աշխատեն առանց բնապահպանական պահանջներն ու օրենքները հաշվի առնելու, նման բան լինել չի կարող: Հայաստանում ընկերություններ բացվում են, փակվում են, դադարում են աշխատել, սկսում են աշխատել, կարեւորն այն է, թե ինչքանով է այդ ամենը տեղի ունենում կառավարության ապօրինի եւ սուբյեկտիվ միջամտությունների արդյունքում, իսկ դրա պատճառը զրո է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ