«Առաջնագծից փուլ առ փուլ 18 տարեկանները հետ են քաշվում եւ նրանց փոխարինում են պայմանագրայինները»,- իր ասուլիսում, որտեղ ներկայացվում էին 100 փաստերը, հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ասաց, որ արդեն ոչ միայն զորամասերում է նոր սնունդ տրվում, այլեւ մարտական դիրքերում, նաեւ դիրքերում զինվորներին շշով ջուր է տրվում. «Շշով ջրի առկայությունը մարդկանց մոտ շատ կարեւոր փոփոխություն է… Նաեւ հոսող ջուր ենք հասցնում դիրքեր, մոդուլային բաղնիքների տեղադրման պրոցես է սկսվել»:
Վարչապետն ասաց, որ անցյալ տարի քննված քրեական գործերով պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը 105,7 մլրդ-ի է հասնում, որից շուրջ 12 մլրդ դրամի վնասը վերականգնվել է:
«Մենք հիմա շատ ենք խոսում իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության մասին, իրենք այս փաստերով ասում են՝ այ ժողովուրդ ջան, նախկինի համեմատ կրկնակի, եռակի ծանրաբեռնված ենք աշխատում, ինչի՞ եք դժգոհում մեզանից: Քրեական գործերի հարուցման ծավալը ցույց է տալիս, որ նրանք կրկնակի, եռակի են աշխատում, բայց պետք է նաեւ արձանագրենք, որ մեր իրավապահ համակարգը սովոր չէ այսպիսի ծավալով կոռուպցիայի դեմ պայքարում աշխատել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Խոսվեց նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքից, որը տարածվելու է քաղաքական գործիչների եւ գործարարների չհաշվառված գույքի վրա՝ 1991թ․-ից սկսած: Վարչապետը չբացառեց, որ պաշտոնյայի կամ քաղաքական գործչի օգտին եւ նրա դեմ խոսող փաստաթղերը կարող են պահպանված չլինել, բայց դա չի խանգարելու գործելու համար:
Խոսեց նաեւ այն մասին, թե ինչպես է իր տիկինը տուգանվել ճանապարհային ոստիկանության կողմից՝ ղեկն անչափահասին վստահելու համար: Ասաց, որ զուր էին տարակուսանքներն ու հեգնանքը, թե դա ձեւական էր. «Է՞լ ինչ պետք է լիներ, իսկ ուրիշներին քառատո՞ւմ են, գլխատում են նման դեպքերում»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ իր ավտոշարասյան՝ կարմիր լույսի տակ կանգնելուն՝ ընդգծելով, որ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ