ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք նախապես էին ուղարկվել:
Aravot.am-ի հարցին ինչպե՞ս է ստացվել, որ ում հետ ճանապարհ է անցել՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», ՀԱԿ եւ այլն, բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, դրանք այժմ էլ բարդ են, ո՞րն է պատճառը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Առնվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ եւ հրապարակային են եղել, պարզապես, երբ որ եկել են վճռական պահեր, իսկ դրանից առաջ էլ ես ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ պատկերացումները, որոնք որոշակի հատվածով համընկել են նաեւ մի շարք քաղաքական ուժերի ունեցած պատկերացումների հետ, եւ մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ:
Եթե այստեղ խոսվում է անցած ճանապարհի մասին, երեւի թե իմ անցած ամենակարեւոր ճանապարհը իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել է 2018թ մարտ 31-ին Գյումրիից սկսած ճանապարհը, որը մենք համախոհների փոքր խմբով ենք իրականացրել: ՀԱԿ-ի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակներում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների, պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթ, Հայ ազգային կոնգրեսի հետ այդ առիթը եղել է հայտնի Եռյակ, քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իմ անհամաձայնությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ մենք «Ելք» խմբակցությունում քննարկում էինք, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն ուղղված շարժում սկսենք,այդտեղ արձանագրվեցին շատ խորը գաղափարական հայեցակարգային տարաձայնություններ:
Ընդհանուր առմամբ, կյանքը ցույց տվեց, որ առնվազն այս մասով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու մեթոդի, բանաձեւի մասով իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները: Ես ուզում եմ ձեզ մի բան ասել՝ քաղաքական գործընթացում ի՞նչն է պատճառը: Պատճառներից մեկը եղել է այն, որը կարող է շարունակել գոյություն ունենալ, որ քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ, ուզում եմ ասել, որ իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են այդպիսի կոնկրետ պահեր, որ ես ինձ հարցրել եմ՝ ովքե՞ր են այս պահին իմ քաղաքական համախոհները, այս հարցին ունեցել եմ պատասխան՝ իմ ընտանիքը: Իմ փոքր ընտանիքի մեծամասնությունը անչափահասներ են, որոնք այդքան էլ լավ գլխի չեն ընկնում, թե ինչի մասին է խոսքը: Մի խոսքով՝ քաղաքական գործընթացում, ես երբեք չեմ վախեցել, որ կարող եմ մնալ միայնակ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է լրագրողական հանրության հետ հարաբերություններին, այս մասին էլ վարչապետն ասաց. «Լրագրողական հանրության հետ կապված ի սկզբանե եղել է հետեւյալ խնդիրը, որ ի վերջո էդտեղ կա մի կարեւոր նրբություն, որը պետք է խոստովանեմ: Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է շատ կարեւոր գաղափարախոսական եւ քաղաքական կոմպոնենտ, եւ իմ լրագրողական գործունեությունը ես ընկալել եմ ինչ-որ չափով որպես քաղաքական գործունեության մաս, եւ հնարավոր է՝ շատ լրագրողներ ինձ որպես 100%-անոց լրագրող չեն էլ ընդունել, եւ դրանում ունեցել են իրենց հիմնավորումները:
Իսկ հիմա լրագրողական հանրության, ԶԼՄ-ների հետ ես շփվում եմ որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող նրբություններով, բարդություններով: Այս համատեքստում էլ այն դեպքերում, երբ հարցն ունի շատ սկզբունքային գաղափարական, գաղափարախոսական նշանակություն, ես շարունակում եմ չվախենալ ՝ մենակ մնալ: Համենայն դեպս, դա ճիշտ մոտեցում է, որովհետեւ հակառակը կոմֆորմիզմն է, հարմարվողականությունը, որ անընդհատ հարմարվես ինչ-որ հանգամանքների, ինչ-որ շահերի եւ տեղավորվես կոմֆորտ իրավիճակում: Ես այսպես եմ մեկնաբանում հարցը՝ ամենայն հարգանքով իմ նախկին քաղաքական եւ ոչ միայն քաղաքական գործընկերների հանդեպ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ