Թուրք-ադրբեջանական ազգայնամոլական կազմակերպությունները հակահայկական քարոզչության հերթական փուլում են. Թուրքիայի «Էրջիյես» համալսարանի դասախոս Գաֆար Չախմախլըն օրերս հայտարարել է, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարության» ստեղծման մասին: Գաֆար Չախմախլըն ներկայանում է որպես «հայագետ», ով 90-ականներին Ադրբեջանից գաղթել է Թուրքիա:
«Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն «Առավոտին» հայտնեց՝ նա սերտ կապեր ունի Թուրքիայում գործող ադրբեջանական ազգայնական-ազգայնամոլական կառույցների հետ: Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Թուրքիայում մայիսի 10-ին «Միասնական Ադրբեջանի օջախներ» կոչվող ազգայնամոլական կազմակերպության նախաձեռնությամբ տեսակապով քննարկում է իրականացվել. «Այդ կառույցը ստեղծվել է Թուրքիայում գործող ազգայնամոլական կառույցների նմանությամբ, եթե ավելի պարզ ասենք՝ «Գորշ գայլեր» ազգայնամոլական կառույցների մասին է խոսքը: «Միասնական Ադրբեջանի օջախներ»-ն էլ ստեղծվել է նույն տրամաբանությամբ՝ նախապես հայտարարելով իր մասին: Մայիսի 10-ին նշյալ դասախոսը, որը զբաղվում է չակերտավոր «հայագիտությամբ», հայտարարել է, որ Թուրքիայում բնակվող մի խումբ ադրբեջանցիներ նախաձեռնել են «Արեւմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարության» ստեղծումը: Ըստ Գաֆար Չախմախլըի՝ սա գաղափարն է, որին հաջորդելու են գործնական քայլերը:
Չախմախլըն որպես օրինակ նշում է, թե հայերը ստեղծել են Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն, հետեւաբար՝ ինչո՞ւ իրենք չստեղծեն, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն», առավել եւս, երբ դրա մասին մտածում էին դեռեւս 90-ականներից»:
Մեր զրուցակիցը նշեց, որ Թուրքիայում գործող «Միասնական Ադրբեջանի օջախներ» ազգայնամոլական կազմակերպությունը վերջին ամիսներին մի շարք հանրային քննարկումներ է կազմակերպել, որոնց ընթացքում Չախմախլըն այդ թվում առաջարկել է ստեղծել թուրք-ադրբեջանական համադաշնություն, քանի որ, նրա խոսքով, Ադրբեջանը, համեմատած Թուրքիայի հետ, փոքր երկիր է եւ ավելի թույլ, իսկ ընդհանուր պետության սահմաններում՝ Թուրքիայի Հանրապետության մեջ, շատ ավելի մեծ շանսեր կունենա: «Նրա խոսքում նկատելի են հակառուսական, հակավրացական եւ հակաիրանական տեսակետները: Նա նախ հայտարարում է, որ Ադրբեջանում պետք է խրախուսել ռուսատյացությունը, որ խորհրդային տարիներին Ռուսաստանը բռնազավթել էր Ադրբեջանը, որ պետք է նախապատրաստել սերունդ, որը ռուսների դեմ հարմար պահի ատելությամբ հանդես կգա: Նա նաեւ տարածքային հավակնություններ է հայտնել Վրաստանի եւ Իրանի նկատմամբ, իսկ այս մեկում՝ նաեւ ՀՀ-ի տարածքների հանդեպ: Այսինքն, ակնհայտ է, որ այս անձը Թուրքիայում գործող ազգայնամոլ է՝ համաթյուրքական ազգայնամոլության գաղափարախոսությամբ հանդես եկող: Նա ծավալում է հակահայկական գործունեություն եւ անգամ «Հայկական ուսումնասիրությունների կենտրոն» ունի, որը եւս Թուրքիայում ծավալում է հակահայկական գործունեություն: Այս պահին բարդ է ասել՝ նա որեւէ աջակցություն ունի՞ ադրբեջանական պետությունից: Կարծում եմ՝ ոչ, այդ կառույցն իր տեսակով համաթյուրքականության գաղափարի կրող է: Իհարկե, չի բացառվում, որ կարող է աջակցություն ունենալ Ադրբեջան պետությունից, բայց դա հաստատող բան դեռեւս չկա»,-նկատեց Տարոն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Նրա բնորոշմամբ՝ Չախմախլըն ազգայնամոլության սովորական քարոզիչ է, որը տարիներ շարունակ նման հայտարարություններ է անում. «Բարդ է ասել, որ Ադրբեջանի ներսում նրան լուրջ են ընդունում: Ուսումնասիրություններս հանգեցնում են նրան, որ ադրբեջանական տիրույթի օգտատերերի մի մասի մոտ նրա նախաձեռնությունը որոշակի հարցեր եւ հեգնանք է առաջացրել: Մյուս կողմից, ի տարբերություն նրա նախորդ ելույթների, մայիսի 10-ի ելույթը բավականին շատ տիրաժավորվեց ադրբեջանական մամուլում եւ միանգամից տարածվեց: Սա, կարծում եմ, գուցե ցույց է տալիս, որ հաշվի առնելով Ադրբեջանում նաեւ կորոնավիրուսի տնտեսական խնդիրները, բանակցային գործընթացում լարվածությունը, կոշտ հայտարարություններն այդ թվում հայկական կողմից, Ադրբեջանի ներքին սոցիալական խնդիրները, հենք է ստեղծվում, որպեսզի նման պոպուլիստական՝ լայն զանգվածներին գրավող հայտարարություններն ու ելույթները տարածվեն ադրբեջանական տիրույթում: Տարածման նպատակը կարող է լինել հայկական կողմին հունից հանելը եւ սեփական հանրության շրջանում որոշակի էյֆորիա ստեղծելը, առավել եւս, որ նման հարցերին քանիցս անդրադարձել է նաեւ Ադրբեջանի նախագահը: Նկատի ունեմ այն, որ «Արեւմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարության» ներկայացուցիչներն «Արեւմտյան Ադրբեջան» ասելով՝ հասկանում են ողջ Հայաստանը, մասամբ՝ Վրաստանը, եւ Թուրքիայի տարածքի մի մասը՝ Իգդիր, Կարս, թեեւ Թուրքիայի հայկական տարածքների հանդեպ բացահայտ հավակնությունները չեն հայտնում, այլ ձեւակերպում են համադաշնության ներքո»:
Փորձագետի գնահատմամբ՝ «Արեւմտյան Ադրբեջան»-ի, այսպես կոչված, վտարանդի կառավարությունն, ըստ էության, գոյություն չունի, այն վիրտուալ հայտարարության շրջանակում է, որի ներկայացուցիչներն իրենց այս կամ այն ոլորտի նախարար են հայտարարում. այն «գործելու» է Թուրքիայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.05.2020