Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսել լրատվամիջոցների՝ դատարաններում առցանց ներկայության մասին՝ ավելորդ է, քանի որ օրենսդրորեն դեռ ոչինչ չկա ամրագրված

Մայիս 16,2020 13:30

Կոտայքի մարզի մայիսյան դատերը՝ կանանց մասնակցությամբ քրեական գործերով

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ պարետի՝ «ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» թիվ 15 որոշման կատարումն ապահովելու նպատակով, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 24-ին որոշում կայացրեց ներդնել ՀՀ բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ՝ հնարավորություն տալով դատական նիստերն իրականացնել հեռավար` առցանց տարբերակով՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով: Հեռավարի առաջին քայլն արեց քաղաքացիական վերաքննիչ դատարանը:
Սակայն շատ դատարաններ այդպես էլ գերադասեցին շառից-փորձանքից հեռու տարբերակը, եւ դատական նիստերը հետաձգելով վեց ամսով, մեկ տարով, պատճառաբանում էին, թե՝ վիճակը երկար կձգվի, անորոշությունը մեծ է: Առցանց` հեռավար նիստերի անցկացման կարգը եւ ձեւը քանի որ կամայական է, կապված կողմերի քմահաճույքից, ցանկությունից, հետեւաբար, խոսել լրատվամիջոցների առցանց ներկայության մասին՝ ավելորդ է, քանի որ օրենսդրորեն դեռ ոչինչ չկա ամրագրված:

Դատական գործընթացներն առավել անտեսանելի են դարձել մարզերում:

Իմ նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էի Սյունիքի մարզի դատական գործերին, մասնավորապես, զինվորականների մասնակցությամբ քրեական գործերին, որոնք գերակշիռ մեծամասնություն են կազմում այդ մարզի դատարանում: Ներկայացնեմ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում առկա, կանանց մասնակցությամբ առավել հնչեղ գործերը: Դիտարկումներս ցույց են տալիս, որ հիմնականում կանայք ներգրավված են խարդախության, հափշտակության գործերով: Վերջին տարիներին, սակայն, աճել են մականունավոր կանանց, այսպես կոչված, պարզաբանումների հողի վրա կատարված դանակահարությունները, հանրային վայրերում նրանց մասնակցությամբ խուլիգանությունները:

Մարինա Սաֆարյանն աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ում, որպես տնօրեն: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի, նա նախնական համաձայնության գալով գլխավոր հաշվապահ Սոֆյա Բալասանյանի հետ, հափշտակել են 34.550.000 ՀՀ դրամ գումար:

Խափանման միջոց չի ընտրվել Մարիամ Քոչարյանի նկատմամբ: Ըստ նրա քրեական գործի, նա 2019թ. օգոստոսի 5-ին Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ ծանոթանալով Սուսաննա Շմավոնյանի հետ, տեղեկացել է, որ վերջինս ցանկանում է իր դստեր ուսման վարձը զեղչելու նպատակով դիմել իրավասու անձանց կամ կազմակերպության: Նա ներկայացել է Սուսաննային, որպես Երեւանի քաղաքապետարանի փաստաբան՝ Մարինե Մարության կեղծ անվամբ, ապա ուսման վճարի հարցը կարգավորելու եւ երեխային ուսուցման անվճար համակարգ տեղափոխելու պատրվակով, 2019թ. օգոստոսի 6-ին Աբովյան քաղաքում վերջինիցս հափշտակել է 60.000 ՀՀ դրամ գումար: Մի քանի օր անց հանդիպել էր տուժողին, ասել, թե որդին վթարի է ենթարկվել, 2 օրով գումար էր խնդրել, Ս. Շմավոնյանից վերցրել էր 153.000 ՀՀ դրամ արժողությամբ GALAXY G 8 տեսակի հեռախոսը եւ չէր վերադարձրել:

Նոնա անունով մեկն էլ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում հանդիպելով Արաքսյա անունով տուժողին, իր որդու վրա գոռալու հարցի շուրջ վիճաբանել է, ապա բջջային հեռախոսով հարվածել է Արաքսյային՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող՝ ձախ ուսահոդի շրջանի արյունազեղման ձեւով մարմնական վնասվածքներ, որից հետո ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ավելի տղամարդկային է եղել Ռիմա Թումասյանի վեճը: Նա ընկերուհուն` նույնպես ամբաստանյալ, Լիաննա Վարդանյանին վիրավորելու ու հայհոյելու շուրջ Սիլվա Հալաջյանից պարզաբանում ստանալու նպատակով գնացել են Հրազդան քաղաք, Սիլվայի շենք, նրա բնակարան: Դուռն են թակել, իսկ երբ Սիլվան չի բացել, Ռիմա Թումասյանը եւ Լիաննա Վարդանյանը ոտքերով մի քանի անգամ հարվածելով՝ մուտք են գործել նրա բնակարան, ծեծի են ենթարկել նրան: Հրազդան քաղաքը դարձել էր եւս մի կնոջ պարզաբանման վայր: Արմենուհի Սահակյանն էլ 2019թ. մայիսի 27-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում հանդիպելով նախկին ամուսնու կնոջ մորը` վիճաբանել է նրա հետ, մեկ անգամ ոտքով հարվածել է տուժողի դեմքին՝ պատճառել է վերջինիս առողջությանը թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

Նարինե Բադալյանի դատաքննությունը նույնպես առաջիկայում է: Նա աշխատել է վաճառողուհի: Նարինեն, ըստ մեղադրանքի, հափշտակել է իրեն վստահված խանութ սրահում գտնվող գույքը: Նա խանութից տարել է տարբեր տեսակի ապրանքներ, հափշտակել է 1.700.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության ապրանքներ՝ գործատուին պատճառելով խոշոր չափի՝ ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քրեական գործերից մեկով համաներում էր կիրառվել Լիանա Բոյախչյանի նկատմամբ: Համաներումների պատմության մեջ չեմ հիշում որեւէ դեպք, երբ համաներման համար կեղծ փաստաթուղթը որոշի դատական ակտի ելքը:

Կոտայքի մարզի դատարան է ներկայացվել ամբաստանյալ Լ.Բոյախչյանի կողմից «Հայրենանվեր մահապարտներ» հասարակական կազմակերպության կողմից տրված տեղեկանքը` հոր` զոհված ազատամարտիկի վերաբերյալ: Նաեւ նրա մահվան վկայականը:

Դատարանը սա հիմք ընդունելով՝ Լ.Բոյախչյանին Համաներման մասին օրենքի կիրառմամբ ազատել է պատժի կրումից:
Մինչդեռ, ըստ բողոքաբեր դատախազի, ներկայացված փաստաթղթերը հիմք չեն տալիս եզրահանգելու, որ Բոյախչյանի հայրը ունեցել է Արցախի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողություններում զոհվածի կարգավիճակ, քանի որ անձը նման կարգավիճակ է ձեռք բերում 23.04.2014թ. ընդունված ՀՀ կառավարության N-438 որոշմամբ սահմանված կարգով՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ համապատասխան վկայական տրամադրելու միջոցով, եւ որ ներկայացված փաստաթղթերը բավարար չեն զոհվածի դստեր կարգավիճակի մասին եզրահանգում կատարելու համար: Հետեւաբար՝ ըստ բողոքաբերի՝ Լ. Բոյախչյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը կիրառելի չէ, իսկ դատարանի որոշումն այդ մասով հիմնավորված չէ եւ չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներից:

Մահվան վկայականի համաձայն, ամբաստանյալ կնոջ հայրը զոհվել էր 1993թ. օգոստոսի 8-ին Լաչինի միջանցքում՝ որպես վարորդ, ազատամարտիկներ տեղափոխելիս, երբ ավտոբուսի վերանորոգման ընթացքում նրա մոտ պայթել է թշնամու հրանոթային արկը, հետեւաբար, 23.04.2014թ. վկայականը հնարավոր է ընտանիքը ձեռք չի բերել:

Մեկ կին էլ առցանց հանցագործության համար էր մեղադրվել: Նարինե Սիրեկանյանը ամուսնության պատրվակով Կարինե անունով տուժողին ներկայացել է որպես Արտեմ Ադամյան տվյալներով անձ համացանցի «Համադասարանցիներ» կայքի միջոցով, հաղորդագրություններ է ուղարկել, ապա մաս-մաս ստացել է տարբեր չափերի գումարներ` 7.000.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելով «համադասարանցուն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031