Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային մասնագիտական ձեռնարկներն ու դասագրքերն էլ անհրաժեշտություն ունեն պետական հոգածության

Մայիս 16,2020 13:00

«Առավոտի» հետ զրույցներում, հատկապես վերջին շրջանում, արվեստագետները, այդ թվում՝ հայաստանյան մշակութային բուհերի դասախոսներից շատերը, փաստում են, որ մասնագիտական ձեռնարկների ու դասագրքերի պակաս կա, դա կապելով հիմնականում պետական ֆինանսավորման բացակայության հետ։

Նշում են նաեւ, որ որոշ հեղինակներ ունեն պատրաստ նույնիսկ 2-3 դասագիրք, որոնք տարիներով սպասում են տպագրման։ Օրինակ՝ թատրոնի եւ կինոյի ինստիտուտում որպես դասագիրք մեզ հայտնի են Աննա Հեքեքյանի բեմական խոսքի դասավանդման մասին ձեռնարկը, Նարինե Սարգսյանի ռուսական թատրոնի պատմությունը ներկայացնող դասագիրքը, ուշագրավ է գիտական հոդվածներով հարուստ ինստիտուտի «Հանդես» պարբերականը, որի գլխավոր խմբագիրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը։

Բայց ժամանակակից թատերարվեստը ներկայացնող ոչ մի դասագիրք չկա։ Չկա նաեւ ժամանակակից դասական պարարվեստի որեւէ ձեռնարկ։ Որպես այդպիսին ուսանողները օգտվում են մեր հայրենակից, ճանաչված մանկավարժ Ագրեպինա Վագանովայի գրքից։ Լավ է, որ կան, ներողություն բառի համար՝ հին դասագրքեր, բայց թատրոնը, կինոն, դասական պարարվեստը անընդհատ փոփոխվող, զարգացող ոլորտ են։ Ի դեպ, թատերագիտական հոդվածներին ուշադրություն է դարձնում, խրախուսում Կարինե Խոդիկյանը՝ դրանք ներկայացնելով իր tatrondrama.am կայքում։

Դասագրքերի, ուսումնական ձեռնարկների մասով, մեր դիտարկմամբ, լավ է վիճակը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ժամանակին մեզ հետ զրույցներում երաժիշտներն անդրադարձել են, օրինակ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Զոլոտովայի դաշնամուրային արվեստը ներկայացնող դասագրքին, պրոֆեսոր Ծովինար Չալոյանի «Գեղագիտություն» ձեռնարկին, կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» պարբերականին (գլխավոր խմբագիր՝ Գոհար Շագոյան) եւ այլն։ Իսկ եվրոպական երաժշտական համալսարաններում ուսանած, հիմա արդեն ճանաչված շատ երաժիշտներ էլ ոգեւորությամբ են խոսել արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Զառա Տեր-Ղազարյանի «Արեւմտաեվրոպական երաժշտության պատմություն» ձեռնարկի մասին եւ այլն։ Օրերս էլ հրատարակվել է «Հայ խմբերգային գրականություն» դասագիրքը, որը խնդրեցինք ներկայացնել աշխատության մասնագիտական խմբագիր, կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանին։

«Իր ստեղծումից գրեթե երեք տասնամյակ անց վերջապես լույս տեսավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երախտավոր պրոֆեսորներից մեկի՝ Միքայել Տերյանի երկարամյա դասախոսական եւ գիտաստեղծագործական գործունեության արդյունքը՝ «Հայ խմբերգային գրականություն» դասագիրքը։ Հեղինակը ռուսերեն լեզվով բնագիրը ավարտին էր հասցրել դեռեւս 1980 թվականին՝ արժանանալով ԵՊԿ Խմբավարության ամբիոնի եւ ոլորտի գիտակ մասնագետների բարձր կարծիքին, որոնց թվում էր արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Տյուլինը։ Սակայն հայալեզու մասնագիտական գրականություն ունենալու առաջնահերթ անհրաժեշտությամբ թելադրված՝ առաջարկվեց դասագրքի հայերեն թարգմանությունը հանձնարարել այն ժամանակ խմբավարության ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանին։ 1986-ին ԵՊԿ գիտխորհրդի որոշմամբ առաջարկվեց հրատարակել դասագրքի հայերեն թարգմանությունը։ Ցավոք, իրադարձությունների բերումով գրքի հրատարակումն այն ժամանակ չիրականացավ եւ հետաձգվեց անորոշ ժամանակով…

2018-ի վերջերից Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նորանշանակ ղեկավարությունը կրկին բարձրաձայնեց հայերեն լեզվով մասնագիտական գրականության ստեղծման եւ հրատարակման անհրաժեշտությունը։ ԵՊԿ գրադարանի աշխատակիցների հոգատար ջանքերի շնորհիվ գրադարանի պահոցներից հայտնաբերվեց դասագրքի ձեռագիրը եւ ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանի գործուն աջակցությամբ այն հանձնվեց հրատարակության։

Դասագրքում ժամանակագրական սկզբունքով ներկայացվում են հայ խմբերգային մշակույթի ամենանշանակալի երեւույթները՝ սկսած 19-րդ դարից, երբ ձեւավորվեց հայ իրականության մեջ խմբերգային արվեստը, մինչեւ 20-րդ դարի 70-ականները։ Հեղինակը ոչ միայն ներկայացնում է խմբերգային ժանրում հայ կոմպոզիտորների ստեղծած բազմաժանր ու բազմապիսի ժառանգությունը, այլեւ պատմատեսական, պրոֆեսիոնալ վերլուծության է ենթարկում առավել նշանակալի ստեղծագործությունները՝ անդրադառնալով ձեւակառուցման, լադատոնայնական եւ մետրառիթմական առանձնահատկություններին, խմբերգային շարադրանքի տեսակների կիրառմանը, այդ կերպ բացահայտելով նաեւ յուրաքանչյուր կոմպոզիտորին բնորոշ ոճական առանձնահատկությունները։ Անչափ ուշագրավ են առանձին գործերի կատարողական մեկնաբանության վերաբերյալ հեղինակի դիտարկումներն ու խորհուրդները։ Այդ ամենը ուղեկցվում է նոտային ցայտուն օրինակների մեջբերումներով, դիդակտիկ նյութի առատ կիրառմամբ (ստեղծագործությունների ձեւակառուցման ամենապարզ բանաձեւերից մինչեւ բարդագույն, բազմաշերտ սխեմաները)։

Դասագրքի վերջում առանձին հավելվածներով ներկայացված են խմբավար-կոմպոզիտորների համառոտ կենսագրությունները, ինչպես նաեւ գրականության հարուստ ցանկը, որոնց շնորհիվ ուսանողներին հնարավորություն է տրվում ավելի լայն ու բովանդակային տեղեկություններ ստանալ իրենց հետաքրքրող հեղինակների կամ երաժշտական նյութի վերաբերյալ։

Դասագիրքը նախատեսված է առաջին հերթին կոնսերվատորիայի եւ երաժշտական ուսումնարանների խմբավար ուսանողների համար։

Ինչպես նշում է պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, որը դասագրքի հայերեն տեքստի հեղինակն ու մասնագիտական խորհրդատուն է, «դասագրքի նյութը կոչված է ընդլայնելու, հարստացնելու խմբավար-ուսանողների գիտելիքները, մտահորիզոնը հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների վերաբերյալ, զարգացնելու նրանց տեսական, գեղագիտական, վերլուծական հմտությունները, ինչպես նաեւ նպաստելու նրանց ստեղծագործական, կատարողական եւ մանկավարժական գործունեությանը»։ Սակայն գրքի մատչելի եւ գրավիչ լեզուն, տեղեկատվական անչափ ուշագրավ բովանդակությունը կհետաքրքրի նաեւ ավելի լայն ընթերցողին՝ բացահայտելով հայ խմբերգային հարուստ գրականության անցած մեկդարյա պատմական ուղին։

Դասագիրքը լույս է տեսել 300 օրինակ տպաքանակով, «Հայաստան» հրատարակչությունում»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ ընթացքի մեջ է պրոֆեսոր Նովալիս Դերոյանի «Երաժշտական ստեղծագործության վերլուծություն» դասագրքի վերահրատարակումը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Անհրաժեշտ է այնպիսի ձեռնարկներ ստեղծել, որ օգտվողը հասկանա, որ առաջնայինը ազգայինն է, հետո նոր օտարը՝ եվրոպականը: Պետք է ընդունենք, որ երաժշտությունը ազգային պատկանելություն չունի, համաշխարհային երաժշտություն և նմանատիպ հասկացողությոնները խորը մոլորություններ են … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031