Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը հեծանիվով եղել է, բայց վրաերթի ենթարկելու փորձ չի կատարել․ փաստաբան. «Ա1+»

Մայիս 15,2020 23:20

«Ա1+». «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական   նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել նրան կալանավորելու որոշումը։

Հիշեցնենք՝  Ալեքսանյանը նախօրեին կալանավորել է պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի գործով․տուժող ճանաչվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Ալեքսանյանի փաստաբան Էմին Բեգլարյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին աշխատում են բողոքի վրա։

Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքի մասով պաշտպանն ասաց, որ այն անհիմն է, կայացվել է չպատճառաբանված ու չհիմնավորված կալանավորման դատական ակտ։  «Ազգային ժողովի պատգամավորը չի կարող 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը – հեղ․) տուժող լինել, քանի որ կարգադրիչ լիազորություններով օժտված չէ, ինչը Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով շատ հստակ նշված է»,- ընդգծեց նա։

ՔՕ 316 հոդված, 3-րդ մաս՝  սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Ըստ փաստաբանի՝ այս հոդվածը կարող է վերաբերել, օրինակ, Ոստիկանության աշխատակցին, քանի որ նա իրավունք ունի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի հիման վրա օրինական, իրավաչափ պահանջներ ներկայացնել քաղաքացիներին։ «Օրինակ կարող է ասել՝ «սոցիալական հեռավորությո՛ւն պահապանեք»։ Տարբեր, տարբեր հրահանգներ կարող է տալ։ Չենթարկվելու, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու դեպքում, միանշանակ 316-րդ հոդվածը կարող էր կիրառվել։ Իսկ Ազգային ժողովի պատգամավորը, որպես այդպիսին, չունի նման իրավասություն»,- շարունակեց Էմին Բեգլարյանը։

Անդրադառնալով միջադեպին՝ փաստաբանն ասաց, որ Արթուր Ալեքսանյանը ցուցմունք է տվել, մեղավորությունը չի ընդունում, հերքում է լրատվամիջոցներով տարածված՝ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ցուցմունքի բովանդակությունը։ «Ինքը  (Արթուր Ալեքսանյանը – հեղ․) հեծանիվով եղել է, բայց հեծանիվով վրաերթի ենթարկելու փորձ, հեծանիվով բռնություն գործադրելու փորձ, կամ հեծանիվով բռնություն գործադրելու որևէ գործողություն Արթուր Ալեքսանյանը չի կատարել»,- եզրափակեց Էմին Բեգլարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031