ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով:
Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, ինչպես նաև Կրասնոդար-Երևան նախատեսվող թռիչքներով՝ միաժամանակ հոգալով կանանց և երեխաների ճանապարհածախսը։
Կարդացեք նաև
Առաջարկվել է նաև ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները ապահովել կայանատեղերով։ Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով»: