Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լողազգեստով՝ մարզասրա՞հ. Պարետի կարգադրությունները մարզասրահի հաճախորդներին մտատանջության մեջ են գցել

Մայիս 15,2020 20:45

Որքան էլ փորձենք լուրջ վերաբերվել Պարետի որոշումներին, որպեսզի նվազագույնի հասցնենք COVID-19-ով վարակվելու եւ տարածելու ռիսկերը, վերջին որոշմանը կից հավելվածում կան այնպիսի պահանջներ, որոնց հնարավոր չէ հումորով չվերաբերվել:

Եթե մարզասրահի հաճախորդները մուտքի մոտ պետք է ջերմաչափվեն եւ տվյալ տարածք մուտք գործեն դիմակներով ու ձեռնոցներով, ինչը միանգամայն, հասկանալի է ստեղծված իրավիճակում, ապա, պարետի պահանջը՝ այցելուներից՝ մարզումների ներկայանալ արդեն հագնված, տարաբնույթ մտածմունքների տեղիք է տալիս:

Լողավազանից օգտվող հաճախորդները, օրինակ՝ ոչ մի կերպ չեն պատկերացնում ինչպե՞ս են լողազգեստով գնալու մարզումների: Եթե, նույնիսկ, այդպիսի ռիսկի դիմեն ու գնան, ապա վերադարձի հարցն ավելի լուրջ է. ոչ այն է թաց լողազգեստով ճանապարհ ընկնեն ոչ՝ առանց դրա: Չէ որ «մարզումների ներկայանալ արդեն հագնված» պահանջը նրա համար է, որպեսզի հանդերձարաններում կուտակումներ չլինեն, հետեւաբար, լողավազանից հետո զգեստափոխվելը, հնարավոր է եւ չթույլատրվի:

Այս մասին է վկայում նաեւ պարետի մեկ այլ արգելքը՝ մարզվելուց առաջ եւ հետո ցնցուղի ընդունումն իրականացնել տանը: Ի դեպ, մարզասրահներում լողավազանից առաջ ցնցուղ ընդունելը պարտադիր կանոնների շարքում է՝ որոնք, սովորաբար, փակցված են լինում տեսանելի վայրերում եւ որոնց հաճախորդները պարտավոր են հետեւել: Իսկ դե մարզումներից հետո ցնցուղ չընդունելու հետեւանքների ողջ պատասխանատվությունը թողնում ենք պարետատան պատասխանատուներին:

Վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների աշխատակիցներին էլ օրինակ՝ արգելված է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում այդ օբյեկտներում «պարետի վստահված անձն» անմիջապես պետք է ահազանգի առողջապահության նախարարության թեժ գիծ: Սպասարկումից առաջ վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները պետք է հաճախորդներին ջերմաչափում անեն եւ տվյալները գրանցեն գրանցամատյանում: Պարետի մեկ այլ պահանջով էլ արգելվում է գեղեցկության սրահների ու վարսավիրանոցների աշխատակիցներին ընդմիջման ընթացքում աշխատանքային վայրը լքելը:

Արվեստի ոլորտում գործունեություն ծավալողներն էլ ստիպված կլինեն ներկայացումները, երաժշտական այս կամ այն ստեղծագործությունները կամ պարային բեմադրությունները, այսպես ասած, խմբագրել: Եթե տվյալ ներկայացումը պետք է խաղան օրինակ՝ 12-13 դերասանով, ապա պարետի նոր որոշումով ստիպված կլինեն բավարարվել առավելագույնը տասը դերասանով, պարային խմբերն էլ՝ ամենաշատը 7 պարողներով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031