«Այո, եթե արտակարգ դրություն է հայտարարված, և հանրաքվե հնարավոր չէ անցկացնել, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հարյուրավորներով է ավելանում, պարզ է, որ ԱԺ-ն այդ հարցի լուծումը վճռականորեն պետք է տա»,- «Քաղաքական երկխոսության» նախաձեռնած «Կյանքը կորոնավիրուսից հետո. hանրաքվե» թեմայով առցանց քննարկմանն հայտարարեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ- ի նախագահ Լուսինե Հակոբյանը:
Հիշեցմանը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ դիմել են Վենետիկի հանձնաժողովին փորձագիտական կարծիք ստանալու սահմանադրական հանրաքվեի հետ կապված, սպասում են այդ կարծիքն , որ քայլեր ձեռնարկեն և հարցին՝ այդ փորձագիտական կարծիքն ի՞նչ կտա ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում, Լուսինե Հակոբյանը պատասխանեց. «Ամիսներ առաջ էլ բացառապես անիմաստ էի համարում այդ կառույցին դիմելը: Հիմնական պատճառն այն է, որ այդ կառույցն իր ներկայիս կազմով և այդ կառույցի վրա տարբեր ազդեցությունները հաշվի առնելով՝ ունակ չէ տալու անաչառ մասնագիտական կարծիք այս հարցի կապակցությամբ, քանի որ ներկայումս Վենետիկի հանձնաժողովի անդամներ են ՀՀ-ից նշանակված Գագիկ Հարությունյանը և Վարդան Պողոսյանը: Մեր տեղեկություններով՝ Գագիկ Հարությունյանը չի մասնակցում Վենետիկի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի դրանց մասնակցի Վարդան Պողոսյանը: Իսկ Վարդան Պողոսյանը նշանակվել է Հրայր Թովմասյանի խորհրդական, և ակնհայտ է շահերի բախում ու այն, որ հիմա առավել ևս նա չի կարող հանդես գալ որպես Վենետիկի հանձնաժողովի անկախ անդամ: Ունենք ևս մեկ փոխարինող անդամ, և չցանկանալով նրա պրոֆեսիոնալ ունակությունները նսեմացնել, նշեմ, որ նա նոր նշանակված անդամ է և չունի այդ կապերն ու ազդեցությունները: Իսկ մենք գիտենք, որ այդ կառույցում կապերը մեծ դերակատարում են ունենում»:
Ըստ Լուսինե Հակոբյանի՝ պետք է ՀՀ իշխանությունը ձեռնամուխ լինի խնդրի լուծմանը, և որևէ միջազգային կառույց չի կարող ասել մի այնպիսի բան, որով այս հարցում նոր հեծանիվ կհայտնագործի:
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ այս առիթով ասաց. «Ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովի հեղինակությունը կասկածի տակ չդնելով՝ չեմ կարող չհիշել 2008-ի մարտի 1-ից հետո Բուքիքիոյի այցը ՀՀ, և նրա պարգևատրումը Սերժ Սարգսյանի կողմից, Հովիկ Աբրահամյանի ձեռամբ ստանալը ևս մեկ պարգև: Նա վերջին շրջանում ոչ մի հանդիպում չի ունեցել քաղհասարակության հետ, նա ոչ միայն քաղհասարակությանը, այլև ականջալուր չի եղել մեր ժողովրդի հավաքական այն պահանջին, որն ի վերջո ձևակերպվեց 2018-ին և որի հետ անհամատեղելի էին այն գործիչները, ում հետ այսօր Բուքիքիոն շարունակում է համագործակցել ՀՀ հարցերում»:
Կարդացեք նաև
Ըստ Արման Բաբաջանյանի՝ մենք չափազանցնում ենք Վենետիկի հանձնաժողովի դերն ու նշանակությունը մեր երկրի նորագույն պատմության այս կարևոր հանգրվանում: Նա մանրամասնեց. «Սա այն դեպքերից է, որ եթե Վենետիկի հանձնաժողովն առարկություններ ունենա ամենայն հարգանքով մենք պարտավոր չենք անվերապահորեն ենթարկվել դրանց, քանի որ մեր երկրի ներքին խնդիրները, որը վերաբերում է մեր երկրի ժողովրդավարությանը, առաջին հերթին մեր խնդիրներն են, և որպես ինքնիշխան պետություն՝ մենք կարող են և պետք է լուծենք դրանք մեր Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում, եթե անգամ միջազգային կառույցներն ունենան մեր ժողովրդի հավաքական կամքից տարբերվող տեսակետ»:
Արման Բաբաջանյանի կարծիքով՝ համավարակի տարածման ներկայիս տեմպերի պայմաններում անթույլատրելի է հանրաքվեի անցկացումը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խոսվում է անաչառության և ազնվության մասին և հանկարծ՝ «մենք գիտենք, որ այդ կառույցում կապերը մեծ դերակատարում են ունենում»: Էլ ի՞նչ արժեք ունի ձեր ասածը: Համ նալին են խփում, համ՝ մեխին: