Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրական տաս լիտր սպիրտ ենք առնելու ու ամբողջ խանութն ախտահանե՞նք. Պետությունը պետք է աջակցի»

Մայիս 15,2020 18:40

Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Ըստ այդմ, վերաբացվելու են առեւտրի իրականացման վայրերը, հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը, մարզասրահներն են վերաբացվելու, եւ ընդհանրապես, վերաբացվելու են տնտեսության բոլոր ոլորտները: Սակայն պարետը պայմաններ է դրել՝ պարտադիր դիմակ կրել, տարածքներն ախտահանել եւ այլն:

Օրինակ՝ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում անձնակազմի բոլոր անդամները պարտադիր պետք է դիմակ եւ ձեռնոց կրեն, դիմակները փոխվեն 3-4 ժամը մեկ: Պարետատան սահմանված կանոնների համաձայն, արգելվում է հաճախորդների մուտքը տարածք առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի եւ ձեռնոցների, բացառել մարդկանց կուտակումները, 20քմ եւ ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչեւ 20 քմ մակերես ունեցող առեւտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն: Ինչպես նաեւ՝ բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ, դռները, բռնակները, վերելակների սեղմակները, շարժասանդուղքների բազրիքները եւ բանկային տերմինալներն ախտահանվում են 2 ժամը մեկ պարբերականությամբ, տարածքը պարտադիր պետք է բնական օդափոխվմամբ ապահովվի, եթե դա հնարավոր չէ, ապա օդորակիչների միջոցով:

«Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը գտնում է՝ պարետի այս կանոնները ամբողջության չեն պահպանվի:

Aravot.am-ի զրույցում Գրիգորյանն ասաց՝ տնտեսությունը բացելը շատ ճիշտ էր, քանի որ առանց բացել անհնար էր, որովհետեւ այս ամենը, ինչպես հայտարարում են, կարող է տեւել տարիներ, իսկ արդեն մեկ ամիս չաշխատած բիզնեսները բավականին տուժել են:

«Հասկանում ենք, որ վիճակը բարդ է եւ պետք որոշակի կանոններ պահպանել: Բայց, իհարկե, դա ծախսատար է լինելու, խնդիրներ են ստեղծելու, դժվար է հաճախորդին համոզել, որ, անպայման, պետք է դիմակներով մտնեն խանութ: Մենք , եթե հաճախորդն առանց դիմակի է, թույլ չենք տալիս մտնի ներս, դրսից ենք տալիս ապրանքը: Բայց օրինակ՝ սննդի օբյեկտներն այդպես չեն կարող վարվել»:

Գրիգորյանը կարծում է՝ կանոններն իդեալական չեն պահպանվի, բայց դրանք որոշակի զսպող ուժ են եւ եթե տաս մարդուց հինգը հետեւեն կանոններին, վարակի տարածման որոշակի զսպում կլինի:

Պարտադիր դիմակ կրելու եւ այն մի քանի ժամ մեկ փոխելու պահանջին գործարարը դրական է մոտենում, ճիշտ է, հավելյալ ծախս կլինի տնտեսվարողի համար, բայց գոնե այդպես, քան ընդհանրապես չաշխատել:

Ինչ վերաբերում է տարածքի ախտահանման պահանջներին, գործարարը գտնում է, որ այստեղ պետությունը պետք է աջակցի.«Որովհետեւ պատկերացրեք, թե ընդհանուր խանութ կամ այլ օբյեկտ ախտահանելն ինչ կարժենա բիզնեսի համար, մանավանդ փոքր բիզնեսի: Կամ՝ ինչո՞վ պետք է ախտահանել, ի՞նչ է, օրական տաս լիտր սպիրտ ենք առնելու ու ամբողջ խանութն ախտահանե՞նք: Խելամիտ չէ: Եթե խոսքը դռների, բռնակների կամ արտաքին մակերեւույթների մասին է, դա խնդիր չէ, ընդհանուր ախտահանման դեպքում պետությունը անելիք ունի, ապահովի, որպեսզի որոշակի պարբերականությամբ գնան գոնե փորք բիզնեսների օբյեկտներում ախտահանում իրականացնել: Մենք նաեւ դրա համար ենք հարկ վճարում, որ նման դեպքերում պաշտպանված լինենք, ամեն ինչ թողնել տնտեսվարողի վրա, ճիշտ չէ»:

Հնարավոր է մի խանութ առանց դիմակի ներս թողնի, մյուսը՝ ոչ, այս դեպքում կանոնները պահպանողները կտուժեն, մրցակցություն ազնիվ չի լինի, ստվերում աշխատողների հետ, որոնք ավելի շահեկան վիճակում են լինում եւ կապ չունի՝ մանր բիզնես է, թե՝ մեծ. «Նույն կերպ կլինեն կանոնները չպահպանողներ, որոնք ավելի շահեկան վիճակում կգտնվեն,(մինչեւ տուգանվելը) քան օրինապահները:

Եթե տրվել է հրահանգ եւ կանոններ են սահմանվել, պետությունը պարտավոր է խիստ վերահսկողություն իրականացնել, որպեսզի իր իսկ սահմանած կանոնները հավասար գործեն բոլորի համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031