«Քույրս զանգեց, ասեց, որ ժամը երեքի «Գազել»-ով գալու է, որ իրեն դիմավորեմ: 15:20-ի կողմերը զանգեցի, երրորդ զանգից հետո դարձավ անհասանելի: 15:00-ին շարժված «Գազել»-ը 15 30-ին արդեն մեզ մոտ է հասնում»,-2019թ.-ի հուլիսին Արարատի մարզի «Զոդի» կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով հերթական դատական նիստում այսօր ասաց գործով վկա Հրաչյա Համբարձումյանը: Նա պատմեց. «15:40-նն էր, երբ «Գազել»-ների կայանման վայրում ասեցին, որ վառվել է, ինչից հետո հասել եմ կամուրջ, տեսել, որ վառվում է: Ուզեցա մոտենալ, չթողեցին, բայց այդ պահին տեսել եմ, որ մի հոգի «Գազել»-ից կախված վառվում էր: Քրոջս տարել էին Արարատի ԲԿ, գնացի այդտեղ: Դեմքն ամբողջովին…վերջը…հետո գնացինք այրվածքաբանական, որտեղ հինգ օր մնալուց հետո մահացավ»:
Վկան դատարանին հայտնեց, որ քույրը Ծաղիկ Համբարձումյանն էր: Մյուս վկա Տիգրան Ավետիսյանն էլ դատարանին հայտնեց. «Առավոտ յոթին տանից դուրս եմ եկել աշխատանքի, չեմ էլ իմացել, որ աղջիկս էլ է մեջը եղել: Տղաս լացելով ասեց, որ քույրն էլ է «Գազել»-ի մեջ եղել, տարել են հիվանդանոց: 3-4 ժամ Արտաշատի ու Երեւանի հիվանդանոցներում էինք փնտրում, ոչ մի ցուցակի մեջ անունը չկար՝ ոչ մահացածների, ոչ վիրավորների: Անգամ նայել ենք այն տարածքի տեսախցիկների նկարածը, որտեղից որ շարժվում է «Գազել»-ը, որ իմանայինք՝ երեխան նստե՞լ էր հաստատ, թե չէ: Բան չտեսանք: Հետո Արտաշատի «մորգ» կանչեցին՝ ինքնությունը հաստատելու…մոխրացած էր, անճանաչելի: Դիակ էլ չէր՝ մսակույտ…երեխաս կեսօրին դուրս գա, հաջորդ օրը փակ դագաղով բերեն, դեմքն էլ չտենաս…»:
Ապա հայրն ասաց, որ ուզում է ամբաստանյալին հարցեր տալ, բայց դատավորն ասաց, որ նման իրավունք կլինի ամբաստանյալի հարցաքննության ժամանակ միայն: «Ականատես կա՝ Արթուր Նազարյան, եթե հնարավոր է՝ նրան էլ հրավիրեք, չգիտեմ՝ ինքը հիմա Հայաստանո՞ւմ է, թե ոչ»,-հավելեց հայրը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի վրա բախվել էին ուղեւորատար «Գազել»-ը, «Տոյոտա Հիլուքս»-ն ու «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենան: «Գազել»-ը հրդեհվել էր, մահացել էր 7 մարդ, 4 ուղեւոր էլ՝ ստացել մարմնական վնասվածքներ: «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Անցած տարի այդ վթարի մասին ամեն մանրամասնությամբ գրել եք ինչ կարիք կա նորից գյուտ արածի պես նորից մանրամասնում եք՚հերիք էլի