«Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն». Թանգարանների միջազգային օրվա ծրագրերը՝ առցանց հարթակում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որն այս տարի, ելնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակից, առաջին անգամ պետք է նշենք անսովոր պայմաններում:
Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո, որը մատնանշում է թանգարանների և տարբեր լսարանների երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև ցուցադրությունների հասանելիության ապահովումը:
Կարդացեք նաև
Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է, հատկապես` դրան նախորդող շաբաթ օրն ավանդաբար անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որը, ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի կնշվի նոյեմբերին: Մայիսի 18-ին կնշենք Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակում ՀՀ և Արցախի թանգարանները կիրականացնեն բազմաբովանդակ ծրագրեր առցանց հարթակում։
Տոնին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ` թանգարանների առցանց հետևորդներին առաջարկելով տարբեր խորագրերով և ձևաչափերով տանը ստեղծել «Թանգարանային անկյուն», տեսագրություններն ուղարկել նախընտրած թանգարանին, որոնք կհրապարակվեն մայիսի 18-ին տվյալ թանգարանի ֆեյսբուքյան էջում: Նախաձեռնության նպատակն է բացահայտելու նորանոր և յուրօրինակ «թանգարաններ» կամ «թանգարանային հավաքածուներ», ինչը հետագայում նոր նախաձեռնությունների առիթ կհանդիսանա:
Թանգարանների միջազգային օրվան միացած թանգարանների առցանց ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն