Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե Գյումրիում հյուրատներ, վաճառասրահներ կառուցելու ցանկություն ունեցող գործարարները, որոնք դիմում էին ներկայացրել կորոնավիրուսային իրավիճակից առաջ, մտադի՞ր են շարունակել իրենց ծրագրերը, թե փոշմանե՞լ են, հետ են վերցնում դիմումները։
«Նախկին խանդավառությունը, որը կար, կարծես չկա, համենայնդեպս, այն մարդիկ, որոնք դիմումներ էին տվել, որպեսզի նախագծերն արդեն ներկայացնեն էսքիզային տարբերակով, համաձայնություն ստանան, եթե պատմական միջուկում են կառուցելու, մշակույթի նախարարությունից, քաղաքաշինական կոմիտեից, մարզպետարանից համաձայնություն, հիմա այս փուլերում են հիմնականում։
Ասեմ, որ այն ինչ կար, կա, նոր դիմումներ չեն ներկայացրել։
Կան մարդիկ, որոնք բնակելի տների համար են դիմում կամ վերականգման համար, բայց որ ասեմ մեծ հյուրանոցներ կամ ռեստորան սարքելու, կամ մեծ հողատարածքներ ստանալու համար են դիմում, այդպես չէ, ընդամենն անցած տարվա դիմումներն են։ Ոգևորությունը՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի հետ կապված, նվազել է։ Համենայնդեպս կան նախագծերով հաստատված շինթույլտվություններ, որոնք կամ նոր են սկսում կամ ավարտական փուլի մեջ են»,-ասաց քաղաքապետը։
Կարդացեք նաև
Նա միաժամանակ հույս հայտնեց, որ Գյումրին չի անտեսվի զբոսաշրջիկների կողմից, գոնե ներքին զբոսաշրջությունը կզարգանա քաղաքում։
«Ափսոս, որ այսպիսի իրավիճակ եղավ, բայց ինձ թվում է ներքին տուրիզմ անպայման կլինի, որովհետև մարդը տեղ չի ունենա գնալու, անպայման կգա Գյումրի․ Գյումրին այսքան գեղեցկացել է, հյուրասեր ու հումոր քաղաք է», -իր քաղաքը գովազդում է քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ