Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպք է եղել, երբ անչափահասին սեռական շահագործման ենթարկած գյուղապետին 3 տարի ազատազրկման են դատապարտել ու համաներմամբ ազատ արձակել

Մայիս 15,2020 18:05

Օրերս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ԱԺ-ում ելույթ ունեցավ՝ հիշեցնելով մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի գործը: Այդ ժամանակ ԱԺ դռների մոտ ցույց էին անում՝ ընդդեմ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Լանզարոտի կոնվենցիայի, որը մանկապղծության դեմ է: Գայանե Աբրահամյանն ասաց. «Լավ կլիներ, որ ակցիաներ անեիք Ախթալայում, որտեղ տասնյակ, 22 դեպքով եղավ դատարանի վճիռ, բայց մենք չգիտենք, կարող է հարյուրավոր տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից: Իհարկե, մանկապիղծ մեծահարուստի դեմ համարձակություն չունեիք բողոքելու, քանի որ նա ոչ միայն մեծահարուստ էր, այլ նաեւ ձեր սիրելի նախկին վարչապետի խորհրդականը»:

Գայանե Աբրահամյանն ասաց, որ նախկիններն այդ կոնվենցիան վաղուց ստորագրել էին, բայց չէին վավերացրել, որովհետեւ նրանց վարչապետի խորհրդականը հենց ինքը մանկապիղծ էր, որովհետեւ մանկատներից ու ծննդատներից երեխաներ էին վաճառվում:

Հիշեցնենք, որ այն օրերին, երբ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել, ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարությունների ժամին ներկայացրել էր վիճակագրական տվյալներ. օրինակ, 2009 թվականին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար 18 դատական ակտերից միայն 3-ի դեպքում էր նշանակվել ազատազրկում, իսկ մյուս դեպքերում սահմանվել է տուգանք։ Իսկ տարեկան, ըստ Դալլաքյանի, սեռական բռնության են ենթարկվել ավելի քան 100 անչափահասներ:

Չնայած Գայանե Աբրահամյանն իր ելույթում հիշատակեց Սերոբ Տեր-Պողոսյանի եւ Նուբարաշենի հատուկ դպրոցի գործերը, բայց սրանց համեմատ Հարթաշենի գյուղապետի գործն ավելի մութ կետեր ունի՝ պատժի կրման առումով: Սերոբ Տեր-Պողոսյանին դեռ դատական ակտով ամենախիստ պատիժը տվեցին՝ 15 տարի ազատազրկում ու նա մահացավ պատիժը կրելու ընթացքում:

«Հետքի» մեկ այլ հրապարակումից հետո բացահայտվեց մի անչափահաս աղջկա բռնաբարության գործով ամբաստանյալ, Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի իրականացրած մանկապղծության դեպքը, որը կատարվել էր հետեւյալ կերպ. Ազատ Ղուկասյանը ոստիկանություն տանելու պատրվակով իր մեքենան է նստեցրել հարեւանների կողմից գողության մեջ մեղադրվող, այդ ժամանակ 9-րդ դասարանի 15-ամյա աշակերտուհի Ա.-ին, սակայն ճանապարհին կանգնեցրել է ավտոմեքենան և ոստիկանություն չտանելու պայմանով ստիպել վերջինիս սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ:

Այս գործով Հարթաշենի գյուղապետին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 8 տարի ազատազրկման: Սակայն որոշ ժամանակ անց փաստաբան Կարեն Մեժլումյանին էին դիմել Հարթաշենի բնակիչները: Նա գրառում էր արել՝ նշելով, որ Ազատ Ղուկասյանի արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածով (սեռական հարաբերության հարկադրելը շանտաժի միջոցով), որը մինչև 3 տարի ազատազրկում է նախատեսում:

Ավելին՝ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետին հղումով, որի համաձայն՝ պետք է կարճվեն այն գործերը, որոնցով անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում, Ազատ Ղուկասյանին ազատ են արձակել:

Կարեն Մեժլումյանն այս առումով իր զարմանքն է հայտնել. «Նրա նկատմամբ 21.01.2013թ. որոշմամբ համաներում է կիրառվել, ու գործի վարույթը կարճվել է: Ի՞նչ է ստացվում, երբ 16 տարին չլրացած տղա երեխային գումար են տալիս եւ հետը սեռական բնույթի հարաբերություն ունենում կամ համասեռամոլությամբ զբաղվում, դա համարվում է անօգնական վիճակի օգտագործում, սակայն երբ նույն տարիքի աղջիկ երեխային ոստիկանություն տանելու սպառնալիքով բնակավայրից դուրս, գիշերով ստիպում են սեռական հարաբերություն ունենալ, դա չի՞ համարվում անօգնական վիճակի օգտագործում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031