Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում կարող ենք սահմանադրական ճգնաժամի հաղթահարման ուղիներ գտնել». Արման Բաբաջանյան

Մայիս 15,2020 17:54

«Համարժեք եմ գնահատում Ռուստամ Բադասյանի հայտարարությունը, որ հարցը պիտի տեղափոխվի ԱԺ, և մենք պիտի ԱԺ-ում լուծումներ գտնենք»,- հիշեցմանը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չբացառեց, որ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հարցը կարող է տեղափոխվել խորհրդարան, «Քաղաքական երկխոսության» նախաձեռնած «Կյանքը կորոնավիրուսից հետո. հանրաքվե» թեմայով առցանց քննարկմանն այսպես արձագանքեց ՀՀ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա պատճառաբանեց, որ այժմ այլ իրավիճակ է, ինչ փետրվարին էր և մանրամանասնեց. «Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ ճգնաժամը կամ այն իրավիճակը, որում մենք էինք փետրվարին, երբ կայացնում էինք այդ որոշումը, չի վերացել, այն շարունակվում է: Այսօր ունենք կորոնավիրուսի հույսին մնացած ՍԴ և ՍԴ հայտնի յոթ անդամներ, որոնց ճակատագիրն ինչ-որ կերպ պետք է լուծել: Չենք կարող ՍԴ-ն թողնել ճգնաժամի մեջ՝ կորոնավիրուսի հույսին և թույլ տալ, որ համավարակի հույսին մնացած յոթ անդամները շարունակեն պետության դեմ իրենց գործունեությունն ու իրենց կայացրած որոշումներով խոչընդոտեն մեր երկրի ժողովրդավարությանը և առաջընթացին»:

Արման Բաբաջանյանն ասաց, որ որևէ մեկը չի կարող հստակ ու վստահ ասել, որ հունիսի 13-ին  կավարտվի արտակարգ դրությունը ու շարունակեց. «Հաստատապես մենք ստիպված ենք լինելու կրկին մեկ ամսով երկարաձգել, և ստացվող տեղեկությունները նրա մասին են, որ համավարակը չի նահանջելու: ՀՀ-ն դեռևս չի էլ հաղթահարել համավարակի պիկը: Մյուս կողմից ունենք պարտավորություն ընտրողների առաջ: ՍԴ-ն ժողովրդավարության պաշտպանության ուղիղ հանձնարարական է ԱԺ-ի առաջ: Որպես ժողովրդի պաշտպան՝ ամենակարևոր ինստիտուտ՝ հեղափոխության արդյունքում ձևավորված ԱԺ, պարտավոր ենք այս ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Կարող ենք ԱԺ-ում գտնել հաղթահարման ուղիներ»:

Արման Բաբաջանյանն ասաց, որ զրուցել է ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորների հետ, չի բացառվում, որ սահմանադրական ճգնաժամի սահուն լուծման հարցում պոզիտիվ մասնակցություն կարող է ապահովել ԲՀԿ-ն: Պատգամավորն ասաց, որ ԼՀԿ-ի մասին որևէ բան ասել չի կարող:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031