Այն կառուցակարգը, որը սահմանված է Սահմանադրությամբ եւ դատական օրենսգրքում, իրենում ունի էական արատ, բայց դա չի վերաբերում նրան, որ մենք այսօր շարժվում ենք օրենքով: Այսօր Բարձրագույն դատական խորհրդի հրավիրած նիստում ասաց Հայկ Հովհաննիսյանը, որի դեմ ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է հարուցել: ԲԴԽ ղեկավարի հարցին ի պատասխան, պարոն Հովհաննիսյանն ասաց՝ օրենքով սահմանված է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը կարող են կազմել եւ խորհրդին ներկայացնել բացառապես խորհրդի անդամները՝ առնվազն երեք անգամ, ընդ որում առնվազն մեկը գիտնական անդամ կամ դատավոր, որպեսզի այդ երկու կողմն էլ լինի:
«Այս նիստի ամբողջ նպատակը բարձր նշաձող սահմանելն է եւ բավականին կարեւոր հարցերի մասին միասին հանրային տիրույթում բարձրաձայն մտածելն է, որը վերաբերում է ընդհանրապես մեր դատական իշխանությանը` այսօրվան, երեկվան եւ ապագային, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե փորձ է արվում ընթացակարգային խնդիրների հետ կապված հետաձգել, ես կարծում եմ, որ օրենքի եւ իրավունքի նպատակներից ելնելով նիստը կարող ենք շարունակել»,-հարցը քննող ԲԴԽ անդամներին ասաց Հայկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ, ըստ ԲԴԽ խորհրդի, Հայկ Հովհաննիսյանը դատավորներից մեկի գործին առնչվող իր հատուկ կարծիքը հայտնելիս վարքագծի կանոնների խախտում է թույլ տվել:
Խոսքը դատավոր Արայիկ Մելքումյանի գործի մասին է, որի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2019 թվականին: Մելքումյանն, ըստ Դատական բարձրագույն խորհրդի, դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարք է կատարել: Սակայն դատավորն այս որոշման հետ չէր հաշտվել եւ այն վիճարկել էր ՀՀ Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն, Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, ԲԴԽ-ի որոշումը հակասահմանադրական էր ճանաչել, ինչից հետո Հայկ Հովհաննիսյանը իր հատուկ կարծիքում նշել էր՝ «Դատական օրենսգիրքը Հրայր Թովմասյանն է հեղինակել եւ այս պահին հակասահմանադրական է ճանաչում իր իսկ գրած օրենքի հոդվածներից մեկը։ Հենց այդ պատճառով արդեն կես տարի է Բարձրագույն դատական խորհուրդը զրկված է դատավորի լիազորությունները դադարեցնելու հնարավորությունից»:
Հայկ Հովհաննիսյանի հայտարարությունից հետո ԲԴԽ երեք անդամներ միջնորդեցին ԲԴԽ ղեկավարությունը՝ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, քանի որ, նրանց համոզմամբ, Հովհաննիսյանն իր ձեւակերպումներով եւ քննադատություններով «խարխլել է խորհրդի հանդեպ հեղինակությունը»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ