«Ես կարծում եմ՝ մենք պետք է օգտվենք մեկ դուռ սկզբունքից, այսինքն՝ ծնողները, որոշակի սահմանագծերը չխախտելով, օգտվեն մանկապարտեզի ընդամենը մեկ դռնից, որպեսզի մենք կարողանանք վերահսկել»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը։
Ըստ նրա, մանկապարտեզները պետք է ունենան էլեկտրոնային ջերմաչափեր, որ հենց մուտքի մոտ կարողանան ստուգել երեխաների և ծնողների ջերմությունը։ Իսկ այն մանկապարտեզները, որտեղ առկա չէ մշտական ջուր, չեն կարող երեխաներին ընդունել. «Ես կարծում եմ, որ մենք պետք է կարճօրյա ժամանակահատվածով մանկապարտեզները պահենք։ Ճիշտ է՝ աշխատող ծնողների համար է հիմնականում, բայց եթե ծնողը հնարավորություն ունի մի քիչ ավելի շուտ երեխային տանելու, պետք չէ, որ մենք մինչև սահմանված ժամանակահատվածը երեխային պահենք՝ ռեժիմի պայմաններից ելնելով։ Մենք պետք է աշխատենք, որ նույն ծնողը տանի և բերի»։
Փառանձեմ Խանգելդյանը մինչև քննարկումը հարցում է անցկացրել ծնողների շրջանում, թե ովքեր են պատրաստվում իրենց երեխաներին տանել մանկապարտեզ. «Պարզվեց, որ 30 հոգանոց խմբից ընդամենը 2-3 ծնող է պատրաստ երեխային բերել մանկապարտեզ։ Այն դեպքում, որ մանկապարտեզը լրիվ վերանորոգված է, մշտական ջուր, տաք ջուր, ամեն ինչ ունենք, վերահսկելի վիճակ կարող ենք ապահովել, բայց ծնողները զգուշանում են։ Կարծում եմ՝ սկզբում դժվար է լինելու, սկզբում կարող է չգան»։
https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/2648772718782616
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ