2019թ.-ի հուլիսին Արարատի մարզի «Զոդի» կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննվեց նաեւ տուժողի իրավահաջորդ-վկա Սարիկ Ասլանյանը: «Պապայի հետ հաց կերանք, գնաց: Ես մեքենայի վրա գործ էի անում, երբ փողոցից շտապօգնության մեքենայի ձայներ լսեցի: Միշտ զանգում էի հորս ու հարցնում՝ պապ, ի՞նչ կա, ամեն ինչ նորմա՞լ է: Զանգեցի, չպատասխանեց: Հետո հորեղբայրս զանգեց ու ասաց, որ չի կարողանում հորս հետ կապ հաստատել: Հասանելի չէր: Նստեցի մեքենան, հասա Զոդի մոտ, տեսա՝ երեք մեքենա վառվում է: Չճանաչեցի, որ մեր ավտոն էլ էր մեջները»,-պատմեց նա:
Սարիկ Ասլանյանը շարունակեց. «Մոտեցա, հետնամասն ուժեղ վառվում էր, մյուս ավտոն արդեն հանգցրել էին: Մի կերպ մոտեցել եմ, նայել պապային ու Ժենիկին, չեմ ճանաչել: Գնացել եմ հիվանդանոց, այնտեղ եմ հարցրել, բան չասացին: Հետ եմ գնացել կամրջի վրա ու այնտեղ իմացել, որ պապան էր…»: Սարիկ Ասլանյանն այնուհետեւ հստակեցրեց, որ «Գազել»-ի վարորդի՝ մահացած Վաչագան Ասլանյանի որդին է: Նա վստահեցրեց, որ հայրը հանգիստ քշող վարորդ է եղել մշտապես: Սարիկ Ասլանյանի խոսքով՝ իր հինգ տարվա վարորդական հմտություններն ու կամրջի վրա տեսածն իրեն թույլ են տալիս եզրակացնել, որ ամբաստանյալն իր մեքենան արագ է վարել: «Իմ մոտից գնալու ժամանակ հայրս շատ ուրախ էր, բարձր տրամադրությամբ, ինքնազգացողությունն էլ լավ էր»,-հիշեց նա:
Ուշագրավ է, որ մեղադրյալ, «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը Սարիկ Ասլանյանից հետաքրքրվեց՝ վթարի վայրում աշխատող հրշեջ-մեքենաներ տեսե՞լ է: Վարորդի որդին պատասխանեց, որ այո, մեքենաներից մեկն արդեն իսկ հանգցված է եղել, եւ դա, վստահաբար, հրշեջներն են արել:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի վրա բախվել էին ուղեւորատար «Գազել»-ը, «Տոյոտա Հիլուքս»-ն ու «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենան: «Գազել»-ը հրդեհվել էր, մահացել էր 7 մարդ, 4 ուղեւոր էլ՝ ստացել մարմնական վնասվածքներ: «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ