Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Տեր-Առաքելյանը տարածում է ակնհայտ սուտ տեղեկություններ՝ չբերելով որևէ արժահանահավատ տվյալ. «Ջազզվե»-ի համահիմնադիր

Մայիս 15,2020 17:11

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «03.05.2020թ.-ին մամուլում հրապարակված «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր–Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 16.11.2007թ.-ին Մ. Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում վերակառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար:

Հիշյալ ընկերությունը 2008թ.-ին նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, սակայն 2007-2012թթ-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ընկերության մասնակից Մանվել Տեր–Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը` ընկերությանը փաստացի զրկելով վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքներից, որի հետևանքով ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014թթ-ի ընթացքում կրել 1 938 798 136 ՀՀ դրամի վնաս:

Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` ըստ քննչական ենթակայության հանձնելու համար:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

«Ջազզվե» սրճարանային ցանցի համահիմնադիր Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես լավ հիշողություն ունեցող երևանցի՝ չեմ կարող չանդրադառնալ Մանվել Տեր-Առաքելյանի՝ բարոյականության բոլոր սահմանները խախտող ֆեյսբուքյան գրառմանը։

Նախևառաջ՝ չեմ հիշում, որ նշված վայրում երբևէ գործեր «Օդեոն» անվանումով Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող սրճարան։ Իսկ եթե վերջինս նկատի ունի Կարապի լճի անմիջական հարևանությամբ և Առնո Բաբաջանյանի արձանից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա իր կողմից սրճարան կառուցելու տխրահռչակ փորձերը, ապա հասարակությանը կցանկանայի հիշեցնել, թե ժամանակին ինչ պայքար էր մղվում այդ շինանարարության կասեցման համար՝ ի ապացույց հրապարակելով նշված փաստը հավաստող բազմաթիվ հղումներից միայն մեկը։ Երևանի բնակիչները կհիշեն, թե ինչ ոգևորությանբ ընդունվեց Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող շինարարության դադարեցման մասին քաղաքապետարանի որոշումը։

Չնայած դրան՝ Մանվել Տեր-Առաքելյանը տարածում է ակնհայտ սուտ տեղեկություններ՝ չբերելով որևէ արժահանահավատ տվյալ։
Մանվել, նշածդ անդորագրի փոխարեն փորձիր առնվազն մեկ փաստ հրապարակել, որ երբևիցե եղել ես «Ջազզվե» սրճարարանային ցանցի նախկին բաժնետեր Միքայել Մինասյանի աշխատասենյակում կամ ապօրինի շինարարությանդ հարցով երբևէ շփվել ես նրա հետ։

Միգուցե այդ դեպքում տարբերվես շարքային ֆեյսբուքյան ֆեյքից:

Համոզված եմ՝ չես կարող։ Այն պարզ պատճառով, որ նման բան երբեք չի էլ եղել։

Միքայել Մինասյանի մասով գրածդ քո այն նույն ցինիկ ստերի շարքից է, որոնցով դու՝ Մանվել, հայտնի ես մեր քաղաքում և գործարար համայնքում:

Եթե գտնում ես, որ հրապարակումս վիրավորում է քո «պատիվը», դատական հայց ներկայացրու իմ դեմ Երևանում կամ Կալիֆորնիայում։ Իսկ եթե չունես նման համարձակություն, ավելի լավ է՝ լռես։

Հիշիր, Մանվել, Երևան քաղաքում ապրում են լավ հիշողություն ունեցող տղամարդիկ, իսկ զրպարտությունը մեր քաղաքում դեռևս պարսավելի արարք է՝ ի հեճուկս գործող իշխանությունների։

Հ.Գ. Առավել զավեշտալի է, որ Միքայել Մինասյանի երջանկահիշատակ պապի ղեկավարությամբ կառուցված Կարապի լճի անմիջական հարևանությամբ հինգմետրանոց կատլավան փորած Մանվել Տեր-Առաքելյանի գրառումները սրտիկում և տարածում են այն մարդիկ, ովքեր երկու տարի առաջ, իբր, հանդես էին գալիս որպես ակտիվիստ ու բնապահպան:

Հարգելիներս, գոնե նայեք՝ ում գրառումներն եք տարածում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031