Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՛մ չհայտարարված նոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են կամ էլ Բաքվին հուշում են հայկական կողմի բարձրացրած առաջադրանքի մասի

Մայիս 15,2020 15:37

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերով կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ:

Կրակոցների հետեւանքով տուժածներ չկան, վնասվել են բնակելի տներ: Թշնամու կրակակետերի ուղղությամբ հայ սահմանապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը լռեցվել է։

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանի եւ սահմանամերձ շրջանի ուղղությամբ ռազմական ոտնձգություն է կատարում: Հարձակողապաշտությունը Արցախի հետ շփման գծի ուղղությամբ չէ միայն, այլ նաեւ ՀՀ-ի։

Բնական է, որ ռազմական որեւէ խնդիր չի լուծվում նման պարագայական  հրթիռակոծումներով: Բայց Բաքվի զինվորական ղեկավարները իրենց իշխանությունների պատվերով մի քանի առաջադրանք են կատարում՝ նման ճակատ բացելով։

Մեծ հաշիվը` հակամարտությանը Ադրբեջան-Հայաստան բնութագիր ապահովելն է: Բաքուն հետեւողական վարքագիծ է փորձում իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ըստ էության Ադրբեջան-Հայաստան տարազի վերափոխելու նպատակով: Ադրբեջանական տրամաբանությունն այն է, որ Արցախը ադրբեջանական տարածք է, որի ուղղությամբ հայկական ուժերը գործողություններ են իրականացրել: Սրան ի պատասխան՝ հայաստանյան տարածքի ուղղությամբ Բաքուն հրթիռներ է արձակում՝ պարագայաբար, սակայն հետեւողական ռազմաքաղաքականությամբ:

Հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան ներկայացնելով կամ այդպիսով ընդունելի դարձնելով միջազգային հանրությանը՝ Բաքվի նպատակը Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձը բացառելն է:

Նման ոտնձգությունն իրականանում է հերթական հանդիպման նախօրյակին կամ երբ հայկական կողմը բարձրացնում է Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտությունը եւ այդ առաջադրանքը ստանում է միջազգային շրջանակների կողմից որոշ հնչեղություն:

Ենթադրվում է, որ կա՛մ չհայտարարված նոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են կամ էլ Բաքվին միջազգային որեւէ կենտրոնից հուշում են հայկական կողմի բարձրացրած առաջադրանքի մասին: Պաշտոնական լրահոսերում նման եղելույթների ակնարկություն չկա: Չեն բացառվում անշուշտ երկու հնարավոր սցենարները։

Բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության հերթական տարեթվի նշումն էր այս օրերին: Խոսքը վերաբերում է 1994-ի հրադադարին, ուր Երեւանի եւ Բաքվի ներկայացուցիչներին առընթեր կար նաեւ պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցչի ստորագրությունը:

Սա միակ փաստաթուղթն է, միջազգային վավերականություն ունեցող իբրեւ եռակողմ համաձայնություն, որ անժամկետ ձեւով զինվորական գործողությունների դադարեցնում էր երաշխավորում։

Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում հղում էր կատարվում 94-ի հրադադարին: Վիեննան կարեւոր էր նաեւ այն առումով, որ դրա հիման վրա եւ բնականաբար 94-ի հրադադարը նկատի ունեցած շփման գծի վրա հրադադարի եւ անվտանգության երաշխավորման գործիքակազմի դրության հաստատման անհրաժեշտությունն էր ընդգծվում։

Հիմա, Բաքուն դիմում է շփման գիծը պետական սահմանով փոխարինելու զինվորական արկածախնդրություններին: Ռազմական խնդիր չլուծող այս արկածախնդրության քաղաքական նպատակը հակամարտության էությունը փոխելն է եւ Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձը բացառելը:

94-ի հրադադարի 26-ամյակի առիթով ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարություն էր արել, ըստ որի, այսօր 94-ի հրադադարը կասեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական հարձակողապաշտությունը: Համաձայնագրի անշեղ իրագործումը եւ հրադադարի ամրապնդումը, որոնց շարքին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առանցքային մասն է:

Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, որին ուղեկցվում է բանակցություններին փոխզիջումները մերժող դիրքորոշումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտն է:

Գլխավոր խոչընդոտը, պետական սահմանի ուղղությամբ ռազմական արկածախնդրության դիմելով, խոչընդոտում է նաեւ բովանդակային բանակցություններ ապահովելու համար Ստեփանակերտի մասնակցությունը:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031