ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՖԲ էջում հայտնում է. «Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» դրոշմանիշային վճարների թեմային անդրադառնալիս շարունակում է հայտարարություններ հնչեցնել հիմնադրամի միջոցներից արված ինչ-որ գաղտնի ծախսերի մասին՝ ասելով, թե դրա մասին նշված է ի պատասխան իր գրության՝ ՀՀ Գլխավոր դատախազության տրամադրած պատասխան գրության մեջ:
Հարկ եմ համարում պարզաբանել, որ Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա։ Առավել ևս, որ գրությունը վերաբերել է ոչ թե ծախսերին, այլ հիմնադրամին կատարված մուտքերին:
«Գաղտնի» եզրույթը պատասխանում օգտագործվել է ոչ թե ծախսերի, այլ որոշակի կատեգորիայի գործատուների աշխատողների վերաբերյալ անհատական և քանակական այն տվյալների կապակցությամբ, որոնք, օրենքի ուժով հրապարակման ենթակա չեն և չեն արտացոլվում հաշվետվություններում:
Ընդ որում, նշված անձանց վերաբերյալ քանակական տվյալները, որպես կանոն, էական փոփոխությունների չեն ենթարկվում։