Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային գրադարանի տնօրեն. «Անփութության մասին կանխակալ ենթադրություն անելը վաղ է»

Մայիս 15,2020 15:20

Հայաստանի ազգային գրադարանում էլեկտրական սարքերը ծխեցված վիճակում հայտնաբերված լինելու լուրը ցնցեց բոլորին: Մասնավորապես, մեծ ցավ էր ապրել գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանը, որը մեծ ծավալի եւ տարիների աշխատանք է կատարել բացառիկ սկզբնաղբյուրները թվայնացնելու առումով:

Պարոն Զարգարանը կատարվածը որակել էր մահվան չափ հարված՝ Հայաստանի գրադարանային համայնքին եւ կարծիք հայտնել, որ դա անփույթ վերաբերմունքի արդյունք է:

Հայաստանի ազգային գրադարանի ներկայիս տնօրեն Հրաչ Սարիբեկյանն ասուլիսում հայտնեց, որ ամբողջ թվայնացված նյութը գրադարանն արխիվացված ունի, եւ դատելով սերվերային սարքերի արտաքին տեսքից, կարող է ասել, որ դրանց վիճակն էլ անհուսալի չէ: «Հավանականությունը մեծ է, որ սերվերներում ինֆորմացիան պահված լինի…Սերվերների սենյակում կան որոշ սարքավորումներ, որոնք ածխացած վիճակում են, բայց դրանք սերվերային սարքավորումները չեն»,-ասաց Սարիբեկյանը:

Տեղեկացրեց, որ խնդրի մասին իմացել են մայիսի 10-ին, այնուհետեւ իրենց եւ ոստիկանության աշխատակցի կողմից տեղում կազմել է համապատասխան արձանագրություն: Ընդ որում, իրենք այդ սենյակ են գնացել՝ ինտերնետ կապի խափանումը եւ տեղեկատվական բազայի անհասանելիությունը պարզելու նպատակով եւ այդպես իմացել, թե ինչն ինչոց է:

Հրաչ Սարիբեկյանն ասաց, որ գրադարանում ոչ բոլոր թվայնացված նյութերն են, քանի որ շատերը տպագիր վիճակում առկա չեն եղել, բայց ամբողջ բազան առանձին կրիչներով պահպանվում է:« Շատ տպագիր նյութեր Հայաստանից դուրս են, բայց թվայնացված տարբերակներն ունենք… Կորուստների մասին դեռ չենք խոսում, կարելի է ասել՝ կորուստ չունենք, կորուստը կարող են լինել որոշ սարքավորումներ»,-ասաց գրադարանի տնօրենը:

Հավելեց, որ վերջապես Արտակարգ իրավիճակների նախարարությունից համապատասխան մասնագետներ են ժամանել, ամեն ինչ արձանագրել, եւ փորձաքննությունից հետո պարզ կլինի՝ կատարվածում մարդկային գործոն եղե՞լ է, թե՞ տեխնածին են պատճառներ:

Ինչ վերաբերում է նախկին տնօրենի եւ այլոց այն գնահատականին, որ կատարվածը անփութության հետեւանք է, Հրաչ Սարիբեկյանն ասաց. «Սերվերային սենյակը ժառանգել եմ նախկին տնօրինությունից, եւ սերվերների արդիականացման ու ողջ ինֆորմացիան ամպային տիրույթ տեղափոխելու հարցը քննարկում էինք: Անփութության պատճառների մասին կանխակալ ենթադրություն անելը վաղ է»:

Ասաց նաեւ, որ ՀԷՑ-ից ՝ հոսանքի տատանումների եւ անջատումներ վերաբերյալ առայժմ արձագանք չեն ստացել:

Հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ է ստեղծված իրավիճակին եւ արձագանքել է, Հայաստանի ազգային գրադարանին աջակցելու նախաձեռնություն են ցուցաբերել մի շարք անհատներ:

Հրաչ Սարիբեկյանը տեղեկացրեց, որ սերվերային սենյակի մուտքն այժմ կնքված է, ներսում տեսախցիկներ չեն եղել, դրանք մուտքերի մոտ են տեղադրված: Տեսագրություններն ինքը նայել է, բացակայում է միայն երկու ժամվա տեսագրություն, քանի որ հոսանքի անջատում է եղել:

Հայաստանի ազգային գրադարանի հակահրդեհային անվտանգության մասին էլ հարց հնչեց: Տնօրենն ասաց, որ դա գրադարանի ցավոտ խնդիրներից է, գրադարանն արդիական համակարգի ներդրում է պահանջում, ինչը կապված է մեծ ծախսերի հետ: Հավելեց, որ իրենց միջոցները բավարար չեն, ԱԻՆ-ից ստանում են ինչ-ինչ ցուցումներ, բայց դրանք եւս չեն կարող իրականացնել նույն պատճառով, եւ բավարարվել են կրակմարիչներով գրադարանը զինելով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրաչ Սարիբեկյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Պարոն Զարգարյանը շատ ճիշտ է ասել: Այդ խեղճ գրադարանին լավ տնօրեն է պետք: Այդ ինչե՞ր են կատարվում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031