Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Հայկանուշ Մելքոնյանի տնտեսության 122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վիրավորել:
Ինչպես տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, անասնատերերը ջարդի մասին իմացել են միայն առավոտյան, երբ բացել են գոմի դուռը՝ հոտը արոտ տանելու նպատակով: «Հայկանուշ Մելքոնյանի տնտեսությունում պահվում է շուրջ 250 գլուխ գառ եւ ոչխար: Շինությունը, որտեղ պահվում է հոտը, գտնվում է գյուղի ծայրամասում: Գայլերը ջարդը կատարել են հենց գոմի մեջ՝ ներս թափանցելու համար ինչ-որ տեղ գտնելով: Ստացվում է, որ տնտեսության գլխաքանակի շուրջ կեսը կորսվել է: Այս պահին տեղում աշխատում են անասնաբույժը, համաճարակաբանը, Սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչը: Նրանք հաստատում են, որ հոշոտված ոչխարների միսը օգտագործման համար պիտանի չէ: Ամեն դեպքում, այս տնտեսությանը պատճառված վնասը հսկայական է»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, ՏԻՄ վարչության պետերը, համապատասխան ուսումնասիրություններ կատարելու եւ վնասի հնարավոր չափերը ճշգրտելու նպատակով:
Գեղարքունիքի մարզպետարանի հաղորդագրություն