«Մինչեւ վերջին պահը մտածում էինք, որ ինչ-որ ձեւով հնարավոր կլիներ միջազգային դիտորդներին ներգրավել, որպեսզի մասնակցեն: Նախորդ ընտրություններում ադրբեջանական կեղծ տեղեկատվությանը դիմադրում էինք հիմնականում Արցախում տեղի ունեցած ընտրություններին մասնակցած դիտորդների եւ դիտորդական խմբերի հայտարարությունների միջոցով»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արցախի գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով այս տարի տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, որոնց միջազգային դիտորդները չմասնակցեցին՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման սահմանափակումներով:
Ղուլյանի բնորոշմամբ՝ քանի որ դիտորդներ չմասնակցեցին, ադրբեջանական քարոզչամեքենային դիմադրելու մասին քիչ խոսվեց. «Շատ մեծ ցանկ ունեինք դիտորդների, բայց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը թույլ չտվեց: Այս ուղղությամբ քաղաքական աշխատանքը միայն ընտրությունների ժամանակահատվածում չէ, որ պետք է կատարվի: Նոր խորհրդարանի գործունեությունը եւ այլ երկրների խորհրդարանների բարեկամական կապերը պետք է սկսել հենց դիտորդների հարցից, որպեսզի կարողանանք տարբեր խորհրդարանական մարմիններում ավելի շատ խոսել մեր երկրում տեղի ունեցող ընտրությունների մասին»:
Աշոտ Ղուլյանն ընդգծեց. «Արցախում իշխանությունը միշտ ձեւավորվել եւ ձեւավորվում է համաժողովրդական ընտրություններով, եւ դա որեւէ կերպ չի խախտում բանակցային գործընթացում առկա միջազգային փաստաթղթերի այն նշանակետը, որը խոսում է Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության մասին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ