Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ մեկի դիմակի բիզնեսը զարգացնելու նպատակ չկա. համակեցության կանոններ են, որոնց պետք է բոլորը հետեւեն. Վարոս Սիմոնյան

Մայիս 15,2020 14:04

Այսօր կառավարության մամուլի սրահում ասուլիս հրավիրած էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանից հետաքրքրեցին՝ բոլոր վայրերում պարտադիր դիմակ կրելը արդյոք չի վկայում այն մասին, որ նպատակ կա ինչ-որ մեկի դիմակի բիզնեսը զարգացնել: Փոխնախարարը մեկնաբանեց դիմակ կրելու պարտադիր պահանջը. «Բոլոր այն մարդիկ, որոնք տնից դուրս են գալիս եւ որեւէ տեղ են գնում, կամ զբոսնում են, պետք է ունենան դիմակ: Դիմակ ունենալը պարտադիր է, բայց դա չի նշանակում, որ, եթե դուք զբոսնում եք բաց տարածքում եւ ձեր կողքը որեւէ մեկը չկա, դուք պետք է դիմակ կրեք: Դիմակ ձեզ անհրաժեշտ է խանութ մտնելիս եւ որեւէ տրանսպորտային միջոցից օգտվելիս: Տրամաբանությունը կայանում է նրանում, որ պարտադիր է դիմակի եւ այլ պաշտպանիչ միջոցների առկայությունը՝ կախված նրանից թե դուք ուր եւ ինչի համար եք տնից դուրս ելել: Պարտադիր լինելը միմիայն ուղղված է նրան, որ հնարավորինս կանխարգելվի եւ նվազեցվի համավարակի տարածումը»:

Վարոս Սիմոնյանը վստահեցրեց՝ չկա որեւէ այլ նպատակ. «Սա բոլորիս առողջությունն է եւ բոլորը պետք է հետեւեն համակեցության այս կանոններին միմիայն այս կանոնները պահպանելով մենք հնարավորություն կունենանք նվազագույնի հասցնել համավարակի տարածումը»:

Հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ նոր կանոններով տաքսու վարորդի կողքը չի թույլատրվում նստել, բայց հետեւում երկու հոգի կարող են նստել: Պարոն Վարոսյանն ասաց, որ բոլոր կանոնները մշակված են պատասխանատու անձանց կողմից եւ միտված ռիսկերը նվազագույնի հասցնելու. «Հետեւում նստած լինելը ավելի ցածր ռիսկային է համարվում, քան անմիջապես վարորդի աջ կողմում նստած լինելը: Համանման կանոն գործում է նաեւ սննդի օբյեկտներում՝ սեղանները պետք է այնքան հեռու իրարից դասավորված լինեն, որ երկու տարբեր սեղանների շուրջ նստած մարդկանց միջեւ հեռավորությունը առնվազն լինի մեկուկես մետր»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031