Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մովսիսյանը չպիտի գտնվի կալանքի տակ, նախաքննական մարմնի պատճառաբանությունները ենթադրությունների վրա են հիմնված. Գոռ Գեւորգյան

Մայիս 15,2020 13:51

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու` կալանքի տակ գտնվող Դավիթ Մովսիսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է, քանի որ չի ապահովվել մեղադրյալ ներկայությունը դատարանում։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մովսիսյանի շահերի պաշտպան Գոռ Գեւորգյանը: Դավիթ Մովսիսյանը ցանկություն է հայտնել նիստին մասնակցելու, այս պատճառով պաշտպանը միջնորդություն է ներկայացրել` հետաձգել նիստը եւ հաջորդ նիստին ապահովել մեղադրյալի ներկայությունը: Միջնորդությունը բավարարվել է, նիստը կկայանա մայիսի 23-ին։ Դատարանն այսօր պետք է քններ Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու հարցը:

Հիշեցնենք, 2020 թվականի հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» որդին, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Գոռ Գեւորգյան

Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանից հետաքրքրվեցինք`իր ենթադրություններով Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցը կփոխվի՞, թե՞ խնդիր կառաջանա։ «Ի տարբերություն նախաքննական մարմնի՝ խափանման միջոց չփոխելու ենթադրությունների, մենք ենթադրություններ չենք անում: Սակայն, մեր ներկայացրած փաստական և իրավական հանգամանքների, իրավական մեկնաբանությունների պարագայում, Դավիթ Մովսիսյանը մեկ օր անգամ չպիտի գտնվի կալանքի տակ։ Մինչդեռ, փաստացի նա հիմա գտնվում է կալանքի տակ և մենք օգտագործում ենք բոլոր իրավական մեթոդները` այս ապօրինությանը վերջ տալու համար»։

Հարցին`ո՞րն է Դավիթ Մովսիսյանի՝ կալանքի տակ չգտնվելու իրավական հիմքը, պաշտպանը պատասխանեց. «Ոչ թե մենք պետք է ապացուցենք, որ կալանքի տակ գտնվելու հիմքեր չկան, այլ նախաքննական մարմինը պիտի հիմնավորի, որ դրանք կան։ Այս պահին, ըստ նախաքննական մարմնի՝ Դավիթ Մովսիսյանը կալանքի տակ է, որովհետև, եթե գտնվի ազատության մեջ, ապա կարող է խոչընդոտել նախաքննությանը, ազդել վկաների վրա։ Սակայն, գործով չկան այդպիսի վկաներ, Դավիթ Մովսիսյանն էլ գտնվում է զինվորական ծառայության մեջ, իսկ դա այն ազատությունը չէ, որի մասին պատկերացում ունենք։ Նախաքննական մարմինը չի ներկայացնում ոչ մի հստակ պատճառաբանություն, ամեն ինչ ենթադրությունների վրա է հիմնված։ Ահա թե ինչու Դավիթ Մովսիսյանը չպիտի գտնվի կալանքի տակ»։

Պաշտպանն ասաց նաեւ, որ մինչ օրս իր պաշտպանյալի հետ որեւէ նոր քննչական գործողություն չի իրականացվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031