Լրահոս
Օրվա լրահոսը

«Չտրվեք մտավարժանքների». Աշոտ Ղուլյանը՝ ԱԳ նախարարի պաշտոնին հավակնելու մասին

Մայիս 15,2020 13:46

«Մեկ ուղղում անեմ: Այդ մասին հրապարակվել է երեկ, բայց որոշումը շատ ավելի վաղ է եղել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ ինքը հրաժարվել է պատգամավորական մանդատից, ասաց Արցախի գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: «Պարզապես հասկանալով, որ մոտենում ենք նոր խորհրդարանի ձեւավորմանը, անհատական կազմին, երեկ տարածեցինք տեղեկատվությունը, որ ավելորդ բաներ չլինեն, չնայած՝ ասեկոսեներից խուսափել չի լինում: Բայց դիմումս կա, ամսաթիվն էլ՝ վրան: Կուզենայի, որ որեւէ բան այստեղ չփնտրենք»,-հորդորեց Աշոտ Ղուլյանը:

Նա շեշտեց՝ դեռեւս Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում ասել է՝ հաջորդ գումարման ԱԺ-ում ամենայն հավանականությամբ չի լինելու. «Սերնդափոխությունն ամեն նոր խորհրդարանում պետք է լինի, եւ դա միայն տարիքով չի սահմանափակվում»:

Ինչ վերաբերում է մամուլի տեղեկություններին, որ ինքը հավակնում է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնին, Ղուլյանը շեշտեց. «Հասկանալի է, որ հանրության շրջանում բնական հետաքրքրություն կա նոր կառավարության անհատական կազմի հանդեպ, եւ դա նորմալ է: Մյուս կողմից, անհասկանալի է, որ այս հետաքրքրության խորքում կան այս կամ այն պաշտոնի հետ կապված միտումնավոր մրցակցային ուղղորդումներ: Փորձում եմ հասկանալ, թե որտեղից դրանք կարող են լինել: Երեւի՝ տեղեկատվական մրցակցությունն էլ է քաղաքական կյանքի շարունակությունից մեկը, բայց, ովքեր ինձ ճանաչում են, պետք է չտրվեն նման մտավարժանքների: Իսկ ովքեր չեն հասկացել նորընտիր նախագահի աշխատաոճը, նույնպես կարող են նման ենթադրություններ անել: Իհարկե, ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու լուրերն ավելի շատ կապված են նախկինում գործադիրում իմ զբաղեցրած պաշտոնի հետ, բայց, միանշանակ, այս հարցում որեւէ բան չենք կարող կոնկրետ ասել»:

Ղուլյանը հավելեց՝ հանդիպել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւ պայմանավորվածությունն այսպիսին է՝ կադրային եւ գործակցության մասին հարցերին անդրադառնալու են մայիսի 21-ից հետո, երբ Արայիկ Հարությունյանը կստանձնի պաշտոնը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031