Առևտրի համաշխարհային կազմակերպության տնօրեն Ռոբերտո Ազեվեդուն հայտարարել է հրաժարականի մասին: Նա պաշտոնից կհեռանա օգոստոսի 31-ին՝ չնայած նրա լիազորությունների ժամկետը լրանալու էր մեկ տարուց:
ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ հրաժարականի որոշումը հեշտ չի տրվել իրեն: Նա շեշտել է, որ ստիպված է եղել նման որոշում կայացնել՝ «անձնական ու ընտանեկան հանգամանքներից ելնելով» և հավելել, որ ժամկետից շուտ հրաժարականը քաղաքական հիմքեր չունի: Ազեվեդուն ասել է, որ այժմ կազմակերպության անդամները կարող են ընտրել իրեն փոխարինողին՝ չշեղվելով քաղաքականության վրա:
Ինչպես հաղորդում է DW-ն, ԱՀԿ ղեկավարի հրաժարականը համընկել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ծանր իրավիճակի հետ, ինչի հետևանքով աշխարհի մի շարք երկրներ հայտնվել են տնտեսական ծանր պայմաններում: Դեռևս ապրիլի սկզբին ԱՀԿ-ն նախազգուշացրել էր, որ համաշխարհային առևտրի ծավալները 2020թ. կարող են կրճատվել 1/3-ով: Ազեվեդուն ասել էր, որ հնարավոր է ականատես լինենք մեր ժամանակների ամենամեծ տնտեսական անկմանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ