Հայաստանը նորից հայտնվել է նույն իրավիճակի դիմաց, իշխանության եկած նոր կառավարությունը ոչ միայն չի տիրապետում կառավարման հմտություններին, այլեւ երբեմն այն տպավորությունն է, որ կեղծ օրակարգեր ստեղծելով փորձում է խուսափել իրական խնդիրները լուծելու մարտահրավերներից:
Օրինակ, կորոնավիրուսի հետեւանքով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, հայտարարված հատուկ ռեժիմը ու փաստորեն համաճարակի կանխման լիակատար ձախողումը (վկան՝ թվերը` վարակվածները 3718, մահացածները, մայիսի 13-ի դրությամբ, 48 եւայլն) հուշում է, որ ճգնաժամերի ժամանակ պետության ղեկավարման խնդիր ունենք: Ցավոք` դա ոչ միայն գործող իշխանությունների, այլեւ պետության ու նրա քաղաքացիների խնդիրն է, որը գնալով լոզունգների հետեւից, ընտրել է կառավարելու անընդունակ քաղաքական ուժի:
Բացի ներքաղաքական խնդիրներից, մենք ունենք նաեւ տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներ, որոնց տարիներով ուշադրություն չենք դարձնում, իսկ դրանք օր-օրի աճելու եւ խորանալու միտում ունեն: Օրինակ` մեր հարեւան Ադրբեջանը գտնվում է ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի եզրին, պայմանավորված նավթի ցածր գներով, իսկ այդ նույն ժամանակ այդ պետությունը չի թաքցնում իր ագրեսիվ նկրտումները ու նավթադոլարների պակասի պայմաններում կարող է ներքին սոցիալական ու քաղաքական խնդիրները փորձ անել լուծելու Հայաստանի եւ Արցախի հաշվին: Նույն անմխիթար իրավիճակն է մեր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի, նաեւ Եվրոմիության ու նույնիսկ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, դրան կարելի է ավելացնել մեր հարեւան Իրանի հետ «վարվող» անհասկանալի քաղաքականությունը, եւ այսպես շարունակ:
Երկրում վարվում է անհասկանալի ֆինանսատնտեսական քաղաքականություն, ինչը հարվածում է մանր ու միջին տնտեսվարողներին, հատկապես գյուղական ֆերմերային տնտեսություններին, որոնք հայտնվել են բանկային, այսպես կոչված, «ցածր» տոկոսադրույքային վարկերի տակ:
Կարդացեք նաև
Սակայն, վերը նշված խնդիրներից եւ ոչ մեկը չի հայտնվում այսօրվա իշխանության քննարկման թիրախում, կամ այսօրվա քաղաքական ընդդիմադիր ուժերի քննադատության թեմա չի դառնում: Փոխարենը օրակարգը լցված է տարբեր կեղծ թեմաներով, թե ով ում ինչ ասաց, ինչ բառերով հայհոյեց, ինչպես հարվածեց ու դրա դիմաց ինչ պատասխան ստացավ, եւ այսպես շարունակ: Նոր իշխանություններն իրենց «լայվերով» ու միմյանց հայհոյելու «քաղաքականությամբ» կարողանում են պառակտել հասարակությունը, սերմանելով ատելություն միմյանց հանդեպ, այսպիսով` հասարակական «պահանջը» լցնելով կեղծ օրակարգերով ու շեղելով իրական խնդիրներից, որոնց բախվում են` այսպես կոչված «նոր Հայաստանը» ու նրա «հին» քաղաքացիները: Իսկ երկիրը օր-օրի գլորվում է դեպի տնտեսական խորը ճգնաժամ, որի հետեւանքները արդեն այսօր սկսել են իրենց վրա զգալ հատկապես սոցիալապես անապահով խավերը, սակայն հեռու չէ այն ժամանակը, երբ այն կսկսի ազդել միջին խավերի վրա եւս:
Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: