Մոտ երկու ամիս է՝ Հայաստանում արտակարգ դրություն է, այդ ընթացքում գործում էին որոշակի սահմանափակումներ, որոնք ժամանակի ընթացքում մեղմացվեցին կամ վերացան: Երեկ արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կորոնավիրուսով վարակվածների թիվը գնալով աճում է, նվազման միտում դեռ չի նկատվում: Եթե պետությունը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը, ապա ինչո՞ւ չենք տեսնում ցանկալի արդյունքը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ ցանկալի արդյունք ասվածի մասին գնահատական տալն այս դեպքում շատ բարդ է:
«Երբ ասում ենք ցանկալի արդյունք, նախ պետք է հասկանանք՝ կառավարության համար ցանկալի արդյունքը ո՞րն էր: Եթե կառավարության դիրքորոշումը հետևյալն էր, որ, այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում մեծամասնությունը պետք է վարակվի, ուղղակի հիվանդանոցները պետք է կարողանան սպասարկել այդքան մարդու, այս պարագայում կարող ենք ասել, որ այնքան էլ վատ արդյունքներ չեն, որովհետև հիվանդանոցներն իրենց ռեսուրսներով բավարարում են հիվանդներին սպասարկելու համար:
Իսկ եթե որպես ցանկալի արդյունք վերցնենք հիվանդացության ավելի ցածր տոկոսը 100 հազար մարդու հաշվարկով, որը, երբ համեմատում ենք այլ երկրների հետ, կարող էինք ունենալ, ապա այստեղ կարող ենք ասել՝ ցանկալի արդյունք չունենք:
Կարդացեք նաև
Պատճառն առաջին հերթին մթնոլորտն է: Արտակարգ իրավիճակի մթնոլորտ այն ժամանակահատվածում, երբ գործում էին սահմանափակումներ, չունեինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:
Նա ընդգծում է՝ կարևոր է, որ բիզնեսն ինքը դառնա վերահսկող: «Պետք է այնպես անել, որ համագործակցության մեխանիզմներ լինեն, հսկողություն իրականացնող անձանց թիվը մեծացնենք, իսկ դրա համար չափորոշիչներ և կանոններ պետք է սահմանել: Այստեղ ոչ միայն կարևոր է տեսչական կազմի ինտենսիվ աշխատանքը, այլ այն, թե նրանք ինչի նկատմամբ են հսկողություն իրականացնում: Տեսչական կազմերը պետք է գիտակցեն, թե իրենք ինչ չեն արել: Որևէ մեկը չի ասում, թե տանը նստած ոչինչ չեն անում, ուղղակի քննարկում ենք արդյունավետ աշխատանքի, ճիշտ մեխանիզմների և ցանկալի արդյունք ապահովելու հարցը:
Տեսեք՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է գիշեր-ցերեկ ձայնային ազդանշաններով հանրապետությունով շրջեր: Քանի՞ անընդհատ շարժվող մեքենա ենք տեսել, որոնք անընդհատ իրազեկում են իրականացրել: Չեմ ասում ընդհանրապես չի եղել, բայց մեկ-երկու մեքենան մեկ-երկու անգամ պտտվելով չի»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: