Թեև մինչ այս գրանցված մի շարք ցուցանիշներով, ինչպես նաև 2020թ. բյուջեով կարելի էր որոշակի զարգացում կանխորոշել, այնուամենայնիվ, համավարակը այլ պատկեր ստեղծեց, և իրավիճակը միանգամայն այլ երանգ ստացավ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանի դիտարկումն է, որի խոսքով, մինչ այս թեպետ դանդաղ, բայց որոշակի աշխուժություն ու նկատելի զարգացումներ կային:
Ջ. Թադևոսյանը շեշտեց՝ ճգնաժամային իրավիճակներում մարդկությունը միշտ էլ գտնում է ելքը, հիմա էլ պետք է գտնել:
Կառավարության քայլերը, մեծ հաշվով, ընդունելի են, որոշակի արդյունք ապահովում են, բայց եթե ընդհանուր ենք նայում բոլոր փաթեթներին, ապա այժմեականության իմաստով դրանք նաև ավելի անմիջական ու հասցեական պետք է լինեին հատկապես աղքատ, նպաստառու և այն ընտանիքների համար, որոնք այս ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը: Միևնույն ժամանակ, ողջունելի եմ համարում այն փաթեթը, որը երկարաժամկետ ներդրումներին է աջակցելու, միայն կուզեի, որ դրանք ևս թիրախային, ավելի գործուն ու իրատեսական լինեին»,-ասաց նա: Ճգնաժամի հաղթահարման հիմնական ճանապարհներից մեկը, ըստ Ջ. Թադևոսյանի, ֆինանսների ներգրավումն է:
«Ընդհանուր առմամբ, մեզ ֆինանսներ են պետք, որոնք մենք չունենք և, հավանաբար, չենք ստեղծի նաև մոտ ապագայում, որովհետև եթե 2020թ. մարտ ամսվա ցուցանիշները համեմատում ենք 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, անկումը զգալի է գրեթե բոլոր ոլորտներում: Եթե այս տեմպերին ու դինամիկային ենք առնչվում, բնականաբար, այդ ֆինանսները պետք է հայթայթել, և չպետք է վախենալ արտաքին պարտքի ընդլայնումից: Այդ ռեսուրսները փնտրել է պետք: Ֆորսմաժորային իրավիճակներում դա ընդունելի է, և կառավարությունները գնում են նման քայլի: Պետք է նկատել, որ կան երկրներ, որոնք հիմա բավականին էժան վարկեր են տրամադրում: Այս հանգամանքից կարելի է օգտվել և ժամանակին որոշակի խնդիրներ լուծել: Բայց ոչ միայն ֆինանսների ներգրավումն է կարևոր, այլև դրաց նպատակային ու իրատեսական օգտագործումը: Եվ այստեղ պետության դերակատարումը բավականին մեծ է: Պետությունը պետք է սերտ համագործակցի մասնավորի հետ, պետության մասնակցությամբ բազում միջոցառումներ պետք է իրականացվեն: Եթե միաժամանակ բոլոր ոլորտներում խնդիրների համակարգային լուծման քայլեր չլինեն, մենք շատ ավելի խորը անկումների մեջ կհայտնվենք»,-հավելեց նա՝ չբացառելով, որ առաջիկայում խնդիրներն ավելի առարկայական կլինեն:
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ ապրիլն այդքան ահավոր չէր այդ առումով, որովհետև կային պահված ռեսուրսներ, մարդիկ մոտ երկու շաբաթ աշխատել էին: Ու թեպետ ապրիլի կեսերից որոշակի աշխուժություն կար, արդեն մայիսին մարդիկ խնդիրներ ունեն: Իսկ եթե իրավիճակը ձգվի, հունիսին էլ մարդիկ խնդիրներ կունենան: Բացի այդ, եթե նույն հասցեականության տեսանկյունից ավելի կոնկրետ և լուրջ քայլեր չարվեն, կարճ ասած՝ լավ չի լինի: Կոնկրետ թիրախավորում է պետք, ինչը դժվար չէ, քանի որ հայտնի են նպաստառուների, գործազուրկների որոշակի շրջանակները»,-ասաց նա՝ շեշտելով, որ առանձնահատուկ վերաբերմունք պետք է լինի նաև բիզնեսի, հատկապես մի քանի ճյուղերի նկատմամբ:
«Օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում կան կազմակերպություններ, որոնք կարող են լուծարվել: Ստացվում է՝ ամբողջ հսկայական ոլորտ, որը լուրջ դինամիկա էր գրանցում, հայտնվել է փլուզման, սնանկացման ու կորուստների եզրին: Բացի այդ, գիտեմ, որ շատ կազմակերպություններ շարունակում են վճարել տարածքի վարձակալման վճարները: Եվ այսպիսի շատ ու շատ խնդիրներ կան, որոնք հաշվի առնելով՝ պետք է շատ ավելի կոնկրետ աջակցություն տրամադրել»,-ընդգծեց Ջ. Թադևոսյանը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: