Իշխանություններն ամեն գնով անցկացրին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Այն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի մայիսի 23-ից։ Այդ օրվանից սկսած՝ իրավապահները, ի մասնավորի՝ դատախազությունը, կանցնեն գործի եւ կսկսեն ապօրինի ծագում ունեցող գույք հայտնաբերել, բնականաբար, հիմնականում՝ նախկինների մոտ։
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մոտ, օրինակ, տարակուսանքի տեղիք է տվել օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Նրա կարծիքով, խնդրահարույց է նաեւ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մյուս հիմքը:
Ամենախնդրահարույց հիմքը, սակայն, ըստ նախկին նախարարի, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսվածն է, որի համաձայն՝ իրավասու մարմինը սկսում է ուսումնասիրություն, եթե «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ նրա հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:
Ասել է թե՝ իրավասու մարմինը կարող է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել ինչպես պաշտոնատար անձի, այնպես էլ վերջինիս հետ փոխկապակցված անձի նկատմամբ: «Հաշվի առնելով նախագծում «պաշտոնատար անձ» եւ «փոխկապակցված անձ» հասկացություններին տրված չափազանց լայն սահմանումը՝ այս նորմը կարող է ունենալ բավականին հեռուն գնացող միջամտություն այլ անձանց իրավունքների նկատմամբ»,-ասաց նա։ Խոսքը պաշտոնյայի հարազատներին է վերաբերում։
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյանի մոտ կարեւոր հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ուսումնասիրության ժամանակահատվածը սահմանափակվում 10 տարով եւ չի տարածվում 1991թ․-ից սկսած իրավիճակների վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք փոխկապակցված են վերջին 10 տարվա իրադարձությունների հետ։
Նախկին նախարարը միջազգային փորձին համահունչ կետեր էլ է հայտնաբերել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում։ Օրինակ՝ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերը, որոնց համաձայն՝ իրավասու մարմինն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն իրականացնում է քաղաքացիական դատավարության կարգով, եթե այդ բռնագանձումը չի կարող իրականացնել քրեական վարույթի շրջանակներում, կամ քրեական գործի վարույթը կասեցված է։
Բայց նա լրջագույն խնդիրներ է համարում ենթադրյալ ապօրինի գույքի ուսումնասիրության եւ բռնագանձման ընթացակարգը, երբ նախատեսված է զուգահեռաբար քրեական եւ քաղաքացիական վարույթների հնարավորություն։ Ամփոփելով՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ սույն օրենքի գործարկման արդյունքում դատախազին մնալու է ընդամենը հայթայթել բավարար չափով ամրագրված փաստական տվյալ, որ պաշտոնատար անձը տվյալ ժամանակահատվածում ձեռք է բերել գույք, որի շուկայական արժեքը գերազանցում էր նրա աշխատավարձը եւ վերջ:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: