2020 թվականի հունվար-մարտ ամիսների պաշտոնական վիճակագրությունը, կապված տնտեսության հետ, վստահություն չի ներշնչում: Այս ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը կազմել է 4,5 տոկոս, մարտ ամսին ծառայությունների մատուցման ոլորտում 5,8 տոկոս անկում է նկատվել, արդյունաբերությունը տնտեսության ընդամենը 2, իսկ գյուղատնտեսությունը` 4,5 տոկոսն է կազմել: «Իրատեսի» հետ զրույցում նման վիճակագրություն ներկայացրեց տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԸ, հավելելով, որ կորոնավիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում գործազրկության աճ և աշխատավարձերի նվազում է նկատվում, քանի որ տնտեսության մի շարք ճյուղեր՝ տուրիզմ, ավիափոխադրումներ, ժամանց և այլն, ուղղակի չեն գործում, հետևաբար կրճատվում են արտադրության ծավալները։
–Իսկ ինչի՞ պետք է պատրաստ լինի տնտեսությունը կորոնավիրուսից հետո:
-Իշխանությունների սկզբնական գնահատականները կորոնավիրուսի տնտեսական ազդեցության մասով հիշեցրին 2008-2009 թթ. Տիգրան Սարգսյանի հավաստիացումը, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը կգա և կանցնի մեր երկրի վրայով: Նա նույնպես ասում էր, որ այս իրավիճակը մեզ համար նոր հնարավորություններ է ստեղծելու և այլն։ Նույն սխալ գնահատականները և կանխատեսումներն արեցին ներկա իշխանավորները։ Մեր տնտեսությունը չունի նման որակ և հնարավորություններ, ինչը թույլ կտա օգտվել ֆինանսատնտեսական ներկա ճգնաժամից։ Տնտեսական աճն ինչպես ներկայում, այնպես էլ նախկինում որակյալ ու ներառական չէ։ Դրանից հիմնականում օգտվել են օլիգարխները, հանքարդյունաբերական ընկերությունները և բարձրաստիճան պաշտոնյաները։ Գործող իշխանություններն առայսօր չեն պատկերացնում ներկա տնտեսական վիճակը և հեռանկարը, այդ իսկ պատճառով նրանց որոշումները, գործողությունները համակարգված ու արդյունավետ չեն։ Ապրիլին ֆինանսների նախարարը հայտարարեց, որ կանխատեսվում է 2 տոկոս անկում, բայց այդ կանխատեսմանը հետևեց լրացուցիչ 150 մլրդ դրամի պարտքի բեռի ավելացում: Որևէ քայլ չարվեց վերանայելու պետական բյուջեի ծախսային մասը, մասնավորապես՝ կրճատելու պարգևավճարների ու հավելավճարների ֆոնդերը, դադարեցնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասհանումները՝ շուրջ 70 մլրդ դրամ, վերանայելու գյուղատնտեսության ոլորտի կառավարումը և այլն։ Ակնհայտ է, որ կորոնավիրուսը մեծ վնաս կհասցնի ծառայության և շինարարության ոլորտներին: Միայն ճանապարհներ կառուցելով հնարավոր չէ աշխուժացնել տնտեսությունը. ի դեպ, ճանապարհ կառուցելու համար մեծ խելք կամ ջանք հարկավոր չէ, և դրա ազդեցությունը փոքր տարածք ունեցող երկրների դեպքում այդքան էլ մեծ չէ։ Նոր տարածքներ ընդգրկող ճանապարհների կառուցումն է, որ կարող է էական ազդեցություն թողնել տնտեսության վրա:
–Պետությունը սոցիալական աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, ինչպե՞ս կգնահատեք դրանք: Օրինակ, մի շարք ոլորտների աշխատակիցներ, որ կարանտինի օրերին չեն աշխատել, այժմ դժգոհում են, թե որևէ ծրագրում ներառված չեն:
Կարդացեք նաև
-Պետական աջակցության ծրագրի հասցեականությունն իրոք խնդրահարույց է, ակնհայտ է, որ գործող իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է իրենց վարկանիշի անկումը, քան մարդկանց սոցիալական վիճակը։ Դրա վառ օրինակը կոմունալ ծախսերի ֆինանսավորման 3-րդ փաթեթն էր։ Գործ ունենք թվերի չափազանցման երևույթի հետ։ Անհասկանալի է, որ աջակցության ծրագրերից դուրս են մնացել ծառայության ոլորտի աշխատողները, օրինակ, զարդեր վերանորոգողները և այլն։ Իշխանությունները նոր մեխանիզմներ, մոտեցումներ պետք է մշակեն, որոնք թույլ կտան բացահայտել իրապես կարիքավոր քաղաքացիներին։ Այս կառավարությունը դեռևս չի լուծել հարյուր հազարավոր մեր քաղաքացիների վարկերի վճարման հարցը, հիշեցնեմ, որ բանկերը հիմնականում հետաձգել էին վարկերի վճարումը մինչև մայիսի 31-ը: Ժամկետի ավարտից հետո մարդիկ պարտադրված են լինելու միանգամից վճարել մի քանի ամսվա համար։ Անշուշտ, սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակում դա ուղղակի անհնար է, կառավարության և կենտրոնական բանկի անգործության պայմաններում բանկերը և վարկային կազմակերպությունները դատական կարգով բռնագանձում կսկսեն, ինչի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ կկորցնեն իրենց բնակարանները, իսկ բիզնեսմեններն ուղղակի կսնանկանան։ Եթե կառավարությունը անհրաժեշտ և արագ քայլեր չիրականացնի այս ուղղությամբ, սոցիալական բունտերն անխուսափելի կլինեն:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: