Ապրիլյան պատերազմի մասնակից, նախկինում պայմանագրային զինծառայող 35-ամյա Հովհաննեսն Ավանի հոգեբուժարանում ծեծի է ենթարկվել, ապա անօգնական վիճակում մնացել այնքան, մինչեւ ուշքի է եկել եւ առանց որեւէ մեկի օգնության տեղափոխվել հիվանդասենյակ:
Հովհաննեսի եղբոր՝ Արթուրի խոսքով՝ տղամարդն ապրիլի 28-ին էր տեղափոխվել Ավանի հոգեբուժարան: Դեպքն էլ տեղի է ունեցել հենց նույն օրը՝ այնտեղ հայտնվելու առաջին 30 րոպեների ընթացքում: Արթուրի խոսքով՝ եղբայրը ծեծի է ենթարկվել սպասարկող անձնակազմի երկու տղամարդկանց կողմից: Ըստ մեր զրուցակցի պատմածի՝ այդ երկու աշխատակիցները մեկ այլ հիվանդի վրա են գոռգռացել ու անբարո խոսքեր ասել, որին միջամտել է Հովհաննեսը, եւ կռիվ է սկսվել:
Նշեց, որ երբ Հովհաննեսին ծեծել են, նա ուշագնաց է եղել: Բերանքսիվայր արնաշաղախ ընկած է եղել գետնին, բայց այդ վիճակում նրան թողել են: Ոչ ոք նրան որեւէ աջակցություն չի ցուցաբերել: Ապա հաջորդ օրը ծեծի ենթարկող տղամարդկանցից մեկը՝ Թեւան անունով աշխատակիցը, մարդիկ է ուղարկել Հովհաննեսի մոտ, որպեսզի տանեն իր մոտ ներողություն խնդրելու իրենից, այլապես շատ ավելի վատ կլինի: «Ասել են մենք գիտենք՝ դու որտեղ ես ապրում, կնիկ երեխուդ կվառենք: Եղբայրս ներողություն է խնդրել, ամեն ինչ անցել է: Ես այդ մասին իմացել եմ մայիսի 10-ին: Եղբայրս կնոջ հետ տեսակապով խոսելիս մի թեթեւ պատմել է, կինն իմ կնոջը նկար է ուղարկել եւ այդ կերպ կատարվածն ինձ է հասել»,- պատմեց Արթուրը:
35-ամյա Հովհաննեսը խաղաղապահ զորքերի զինվորական է եղել, Ապրիլյան պատերազմի ժամանակ վախից է ձեռք բերել հոգեկան հիվանդություն: «Աֆղանստան էլ է գնացել, այնտեղ էլ ծանր դեպքի է ականատես եղել, ապրիլյանի ժամանակ էլ կողքը մարդ են խփել, ընկել է իր վրա ու… Զորամասի հոգեբուժարան էլ է պառկել, հետո, երբ զորացրեցին, հիվանդությունը կրկնվեց: Արդեն մենք ստիպված եղանք տեղափոխել ստացիոնար բուժման»,- պատմեց Արթուրը: Հովհաննեսն ամուսնացած է, ունի 7-ամյա տղա:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ ծեծի վերաբերյալ ահազանգ ստացվել է ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: