Թեև ԼՀԿ նախագահը ինքնատարհանվել էր Արցախ, հրադադար չեղավ, հայտարարությունների, լայվերի, տետատետների՝ նույնպես: Տարատեսակ առաջարկների՝ ևս: Հոդաբաշխ ու անկապ: Հիմքերի հիմքը որոնելիս ՔՊ-ն գտավ «Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը», ԼՀԿ-ն հասավ ժողովրդին փող բաժանելու առաջարկի մերժմանը: ԲՀԿ-ն ինքնամեկուսացավ ու չստանձնեց հաշտարարի դեր: Միով բանիվ՝ ԱԺ երեք ուժերն էլ ցուցադրեցին իրենց մտքի ու բազկի ուժը, միասին՝ անզորությունը: Ինչո՞ւ.
1. Հայաստանում՝ քաղաքական դաշտում, խորհրդարանում, խորհրդարանից դուրս պակասում են քաղաքական մշակույթը, փոխհարաբերությունների կուլտուրան, հարգանքն ու ինքնահարգանքը: Օտարերկրացի դասականներին հաճախ մեջբերող քաղաքական գործիչները սեփական դասականներից տեղյակ չեն: Հակոբ Պարոնյանը, օրինակ, հստակ բանաձևել է. «Հայհոյանքը փաստի սով է»:
2. Քաղաքական փաստարկներին փոխարինում են հայհոյանքն ու բազկակռիվը, որովհետև անհանդուրժողականությունը բացահայտ կատեգորիա է: ՔՊ-ն համարում է, որ ինքը Կեսարի կինն է ու վեր է քննարկումից՝ անգամ առաջարկների: Որևէ քննադատություն, որի հակաթեզերը չկան, որակվում է «ռոբասերժական ռեժիմի սպասարկում», իբրև ապացույցներ բերվում են հին ու նոր վիրավորանքները, ձնագնդի էֆեկտով կծիկը գլորվում է. կողմերից ոչ մեկը չունի վերջակետի ուժ ու ցանկություն: Իրենց ընդդիմադիր անվանածները կրկնում են իշխանության վարքականոնը՝ ասելիքի հիմնավորման փոխարեն արագ փոխադրվելով դեմագոգիայի ու պոպուլիզմի դաշտ: Իրականում այս կոնֆլիկտը ցույց է տալիս, թե ինչ եղավ, երբ իշխանության պոպուլիզմը բախվեց ընդդիմության ավելի մեծ պոպուլիզմին: Կամ՝ ինչպես է ԼՀԿ-ն ինքն իրեն հռչակում իշխանություն:
3. Փաստացի՝ Հայաստանում կառավարման ճգնաժամը, որ դեռ կառավարության կառուցվածքի հրապարակման ժամանակ էր ուրվագծվել, բղավում է իր մասին, բայց բոլորը ձևանում են խուլ ու կույր, փոխարենը շատախոսում են սեփական խնդիրների մասին: Մեղմ ասած՝ աբսուրդ է, որ իշխանությունը վարչապետի դեմքով խոսում է անպաշտպանության մասին, իշխանությունը, որը կոչված է պաշտպանել պետությունն ու ժողովրդին, ինքնախոստովանական ցուցմունք է տալիս իր անզորության մասին: Միայն՝ առաջին հայացքից: Իրականում՝ իշխանությունը մեղադրանք է ներկայացնում բոլորին՝ հանրությանը, քաղաքական ուժերին, անգամ կորոնավարակին, բայց չի ցանկանում հայելուն նայել:
Կարդացեք նաև
Համարենք, որ ՔՊ-ԼՀԿ բախումները, համաժամանակյա ներողություն-մեղադրանքների տարափը՝ մանդատ վայր դնելու ու չդնելու, նոր լայվերի ու ասուլիսների շարանը շուտով կավարտվի: Համարենք, որ երկուստեք կհասկանան, որ հայտնվել են օտար խաղերի մեջ ու կվերադառնան բանականության դաշտ: Համարենք, որ հաջորդ ընտրություններում ընտրողը այնքան գիտակից կլինի, որ ամնեզիայի պոռթկումներ չի ապրի, ու դեֆակտո գնահատական կտա իր ընտրած ու չընտրած կուսակցությունների աշխատանքին, և կանի ոչ թե պահի թելադրանքով, այլ մտածված ընտրություն: Լավատես լինենք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում