Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Իշխանությունները ուզում են ստեղծել տպավորություն, որ ազգը բոլոր նրանց դեմ է, որոնք նրանց հետ համաձայն չեն»

Մայիս 15,2020 00:03

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ իր և Լուսավոր Հայաստան կուսակցության դեմ հակաքարոզչությանը։ Ըստ նրա, դա արվում է հարցազրույցների և հայտարարությունների միջոցով, բայց ամենաակտիվը՝ սոցիալական ցանցերում է։

«Մեդիաաղբ է արտադրվում, որով մեր ժողովրդին փորձում են շեղել իրականությունից, առօրյա խնդիրներից և իրենց քաղաքական մրցակիցների մասին տարածել սուտ, կեղծիք զրպարտությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վերջին օրերին համացանցում տարածված այդպիսի նյութեր, բայց ամեն օր ճշտող նամակներ են ստանում, թե արդյոք այդ հրապարակումները համապատասխանո՞ւմ են իրականությանը. «Հիմա ես ուզում եմ ընդհանրապես ամեն ինչ հերքել և ցույց տալ, թե սա ի՞նչ զենք է, իշխանության համար ի՞նչ մեթոդ է անարդար պայքարը մղելու։ Մենք գիտենք իշխանության՝ անարդար պայքարի մեթոդներ, օրինակ՝ մարդու նկատմամբ բռնություն կիրառել, որ նա չխոսի, այլընտրանքային կարծիքը, խոսքը որակել որպես սադրանք, լեգիտիմացնել սադրանքի նկատմամբ կիրառվող բռնությունը, և այդ ընթացքում հասցնել հետևից խփել։ Իշխանության զենքերից է սա, բայց այստեղ կարևոր հանգամանք կա՝ ոչ միայն հետևից խփել, հիմա ամբողջ սոցիալական ցանցերը հեղեղված են նյութերով»։

Էդմոն Մարուքյանը կարդաց այն հոդվածների վերնագրերը և սոցիալական ցանցերում հրապարակումները, որոնք սուտ տեղեկատվություն էին տարածում. «Սիրելի հայրենակիցներ, մենք երկու տարի սպասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կդատապարտի սոցցանցերում այն ատելության մթնոլորտը, որը որ կա։ Եվ կասի՝ մի արեք, իմ սիրելի բարեկամներ, իմ հետևորդներ, մի հայհոյեք, մի գրեք թուրք այն մարդկանց, որոնք ինձ հետ համաձայն չեն։ Բայց նա այդպես չի անում։ Ինչո՞ւ։ Որովհետև դա իր համար իր հզոր զենքերից մեկն է՝ լռեցնելու բոլորին, որոնք իր հետ համաձայն չեն»։

Նա հորդորեց կուսակցության հետևորդներին համացանցում բանավեճերի մեջ չմտնել, չպատասխանել վիրավորանքներին, ուղղակի լուռ հետևել. «Դուք ձեզ վտանգում եք, ձեզ հայհոյում են մեզ պաշտպանելու համար, ձեզ սպառնում են մեզ պաշտպանելու համար, միգուցե ֆիզիկական բռնության ենթարկեն ձեզ, հետևաբար՝ եկեք ուղղակի լուռ հետևենք մեր բոլոր տեսանյութերի տակ եղած հայհոյանքներին։ Եվ այստեղ տպավորություն են ուզում ստեղծել դրանով, որ ժողովուրդը, ազգը մեզ ատում է, օրինակ՝ շատ են գրում՝ «պարոն Մարուքյան, չեք տեսնո՞ւմ՝ ազգը Ձեզ ատում է», կամ ինձ նամակ են գրում՝ «ա՜յ, Էդմոն, չես տեսնում՝ ազգը քեզ ատում ա, ինչի՞ ես շարունակում գործել, մանդատդ դիր», «դուրս եկեք քաղաքականությունից՝ ազգը Ձեր դեմ ա»։ Այսինքն՝ իշխանությունները ուզում են ստեղծել տպավորություն, որ ազգը բոլոր նրանց դեմ է, որոնք նրանց հետ համաձայն չեն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031